Բաժիններ՝

Ներգաղթյալների հոսքը կփոխի Գերմանիան. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցող է անվանել վերջին շրջանում Գերմանիա ներգաղթյալների  հոսքը և նախազգուշացրել, որ այդ գործընթացը կփոխի երկիրը, հայտնում է BBC-ն:

Միևնույն ժամանակ, նա ասել է, որ երկրի իշխանությունները կարագացնեն ապաստանի տրամադրման գործընթացը ու հավելյալ միջոցներ կհատկացնեն փախստականներին, սակայն նախազգուշացրել է, որ Գերմանիան միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը ու կոչ է արել ԵՄ անդամ մյուս երկրներին նման միջոցառումներ ձեռնարկել:

Ավելի վաղ գերմանական իշխանությունները կոչ էին արել ևս 6 մլրդ եվրո տրամադրել փախստականների կարիքները հոգալու համար:
Այդ պլանի համաձայն՝ երկրում կառուցվելու են նոր ճամբարներ մոտավորապես 150 հազար փախստականի համար:
Հավելյալ դրամական միջոցներ են հատկացվելու նաև գերմաներեն  սովորեցնելու ու ներգաղթյալների ինտեգրման համար:

Բացի այդ՝ Գերմանիայի իշխանությունները որոշում են կայացրել Կոսովոն, Ալբանիան ու  Չեռնոգորիան ներառել «անվտանգ երկրների» ցանկում, ինչը նշանակում է, որ վերջիններիս քաղաքացիներին Գերմանիան, հնարավոր է՝ հրաժարվի տրամադրել ապաստան:

Սպասվում է, որ այս տարի Գերմանիա կժամանի մոտ 800 հազար ներգաղթյալ: Միայն անցած հանգստյան օրերին Գերմանիան ընդունել է մոտ 20 հազար փախստականի, հիմնականում Սիրիայից, Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր արևելքի այլ երկրներից:

Եվս 11 հազար մարդ այսօր կժամանի Գերմանիա:
Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ապաստան տրամադրել 24 հազար փախստականի մոտ 2 տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս