
Ադրբեջանում սկսվել են լայնածավալ հրամանաշտաբային զորավարժություններ

Ադրբեջանում սկսվել է հրամանաշտաբային զորավարժությունների առաջին փուլը, որի ընթացքում կստուգվի Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեսակի զորամիավորումների մարտական պատրաստականությունն ու մարտունակությունը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած մամլո հաղորդագրությանը:
Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 13-ը:
Շարասյուների ու ռազմական բեռների տեղաշարժն իրականացվելու է հակաօդային պաշտպանության զորքերի պաշտպանության ներքո:
Զորավարժություններին մասնակցում է 65 հազար զինվորական, 6 հազար պահեստային զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, մոտ 500 հրթիռային և հրետանային համակարգեր, ռազմաօդային ուժերի 40 ինքնաթիռ և 50 ուղղաթիռ, ռազմածովային ուժերի 20 նավ ու մոտորանավ: