Արցախում նորից բամբակ կմշակվի
Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Արցախում էր գտնվում Ուզբեկստանի հանրապետության գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարարության գիտա-արտադրական կենտրոնի և սելեկցիայի, սերմնաբուծության ու բամբակի մշակության ագրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի բամբակագործության լաբորատորիայի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակիմժոն Սայիդալիեվը, ով Արցախի գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ եղել Է Հադրութի շրջանում:
\ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես, Արաքսի հովտում նախանշվել են բամբակի մշակության համար բարենպաստ տարածքներ՝ նշյալ կուլտուրայի փորձնական մշակություն իրականացնելու համար, ինչի արդյունքներից հետո նաև՝ ապագայում այն մասսայականացնելու նպատակով:
Այնուհետև ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանի մոտ տեղի է ունեցել սեմինար-խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են դիտարկման արդյունքները: Ուզբեկստանցի գիտնականը նախարարության պատասխանատուներին մանրամասն ներկայացրել է բամբակագործության առանձնահատկությունները:
Ա. Մխոյանը նշել է, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող Ուզբեկստանի առաջատար մասնագետների հետ սկիզբ դրված համագործակցության արդյունքում շուտով հանրապետությունում նորից բամբակ կմշակվի, ընդ որում, սպիտակ բամբակից բացի, նաև աշխարհում լայն պահանջարկ վայելող ու մեծ շահութաբերություն ունեցող գունավոր բամբակ: Ըստ նախարարի, կներդրվեն չորադիմացկուն, քիչ խոնավություն պահանջող սորտեր: