«Ադրբեջանը պատերազմ սկսելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողունակությունից զուրկ է»
168.am-ը մի քանի հարց է ուղղել ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանին:
– Պարոն Մելիքյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի նախօրեից սկսած կտրուկ լարվեց հայ–ադրբեջանական սահմանը, այնինչ, ըստ հաղորդագրությունների, Լավրովն, ի թիվս այլ հարցերի, նաև քննարկել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Որոշ փորձագետներ ներկայիս լարվածությունը պայմանավորում են Լավրովի Բաքու կատարած այցով, որտեղ, ըստ այդ ենթադրությունների, Լավրովը որոշ խոստումներ է տվել՝ Բաքվին ազդեցության իր ոլորտ ներքաշելու նպատակով: Ինչո՞վ եք պայմանավորում ներկայիս լարվածությունը: Այս երկու իրադարձությունների միջև կապ տեսնո՞ւմ եք:
– Իրականում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի համատեքստը շատ ավելի ընդգրկուն է, և դրա վերջնարդյունքը չի կարող հանգել ընդամենը ռուս-ադրբեջանական պարզունակ գործարքի փոխհամաձայնեցված պայմանավորվածությունների երկկողմ համաձայնեցմանը: Այդուհանդերձ, օտարերկրյա կարևոր դերակատարների ցանկացած այց պաշտոնական Բաքուն կձգտի զուգորդել ռազմական սրացումներով ճակատային գծում, քանի որ այդ պահվածքն ադրբեջանական կողմի քաղաքական մոտեցումների անքակտելի մասն է կազմում: ՌԴ Արտգործնախարարի այցն այս առումով անակնկալներ չի պարունակել:
– Տեսակետ կա, որ այս տարին Ադրբեջանի համար պատերազմ սկսելու վերջին հնարավորությունն է, քանի որ Ադրբեջանն էներգակիրների գների տատանումների հետևանքով լուրջ ռեսուրսներ է կորցնում և ապագայում չի կարողանա պատերազմ նախաձեռնել: Ի՞նչ եք կարծում այս պնդումների մասին:
– Ադրբեջանը պատերազմ սկսելու վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու կարողունակությունից զուրկ է՝ նման քայլի դիմելու համար նա որոշ արտաքին դերակատարների քաղաքական, դիվանագիտական և ռազմատեխնիկական աջակցության կարիքն ունի, և այժմ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական պայմաններում նա կարող է և այդ աջակցությունը ստանալ: Այլ հարց է, որ անգամ այդ դեպքում Հայաստանի և Արցախի հանդեպ առավելության հասնելու հնարավորություններն Ադրբեջանի համար էապես չեն աճի: Ավելին, պատերազմ հրահրելու դեպքում մեր ռազմատենչ հարևանը կարող է շատ ցավալի ու անդառնալի կորուստներ ունենալ:
– Առաջիկայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Այս մթնոլորտում ի՞նչ կարելի է սպասել բանակցություններից:
– Ես կարծում եմ, որ այս անգամ կարևորը լինելու է ոչ այնքան նախարարների հանդիպման փաստը, այլ դրան ընդառաջ սպասվող և դրան հաջորդելիք համանախագահների գործողությունները: Ես չեմ բացառում, որ նրանց կողմից կարող են հնչեցվել որոշ նոր ու սկզբունքային արժեք ունեցող գաղափարներ: