Կամ բոյկոտ է լինելու, կամ «ոչ» է լինելու. Այլ տարբերակ չկա
«Ինձ համար ակնհայտ է, որ իշխանությունների արձանագրածն ու հասարակության քվեն տարբեր են լինելու: Կամ բոյկոտ է լինելու, կամ «ոչ» է լինելու: Այլ տարբերակ չկա մեր քաղաքացիների մոտ՝ այս իշխանությունների նկատմամբ»,- այսօրվա քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունների դեմ մի քանի ուղղություններ կան. «Մի ուղղությունը դեմ է ԵՏՄ-ին: Եթե այս իշխանությունները մնացին, պարզ է որ ԵՏՄ գործընթացները խայտառակ ձևով խորանալու են: Եթե կարողնանք իշխանափոխություն իրականացնել, կարծում եմ՝ դա կլինի ամենակարճ ճանապարհը նաև անհաջող ԵՏՄ կառույցից դուրս գալու, որին մենք դեմ ենք: Մյուս կողմից էլ՝ կան ուժեր, որոնք ասում են՝ սահմանադրական փոփոխություններին էլ են դեմ, իշխանափոխությանն էլ: Եթե այս իշխանությունները մնան, փորձելու են սահմանադրական փոփոխությունները իրականացնել: Դրա համար, եթե երկրում իրավիճակ փոխելու անկեղծությունն իսկապես կա, յուրաքանչյուրս հասկանում է, թե առաջին քայլը որը պետք է լինի. իշխանափոխությունը դառնում է անհրաժեշտ պայման և՛ ԵՏՄ-ի դեմ և նորմալ կառավարման համակարգ ներմուծելու համար»:
Նա միասին պայքարելու կոչ արեց բոլոր այն ուժերին, որոնք իրավիճակի փոփոխություն են ուզում երկրում: