Ատոմ Էգոյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ Վենետիկի 72-րդ միջազգային կինոփառատոնում
Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի նոր «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ սեպտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է Hollywood reporter էլէկտրոնային կայքը, որի հետ օրեր առաջ զրուցել է հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Լրատվամիջոցի փոխանցմամաբ՝ Էգոյանի ֆիլմն ընդգրկված է Վենետիկի 72-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:
Hollywood reporter պաբերականի հետ զրույցում Էգոյանը պատմել է, որ ֆիլմի հերոսը Հոլոքոստի վերապրած է, ում մարմնավորում է կանադացի դերասան Քրիստոֆեր Փլամմերը: Էգոյանը պատմել է, որ ֆիլմի միջոցով մեկ անգամ ևս փորձ է արվում բարձրաձայնել, մարդկության հետ խոսել ցեղասպանությունների, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների մասին՝ այս համատեքստում անդրադառնալով նաև իր կողմից թեմայի առաջին անդրադարձին՝ «Արարատ» ֆիլմին, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:
Էգոյանն ընդգծել է, որ թեև սրանք իրարից բոլորովին տարբեր երկու ֆիլմեր են, այնուամենայնիվ ընդհանրացնող հանգամանքն այն է, որ այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և իր նոր ֆիլմով ռեժիսորն անդրադարձ է կատարում մարդկության դեմ իրագործված մի հանցագործության, որը ազգի պատմության, անցյալի, մարդկանց հիշողությունների մասին է:
Խոսելով նոր ֆիլմի մասին, ռեժիսորն ընդգծում է, որ այս ֆիլմը շատ կարևոր հարց է բարձրացնում մի թեմայի շուրջ, որի հերոսները դեռ կան, ապրում են, կենդանի վկաներ են կատարված ոճրագործության, և նույնիսկ կյանքի վերջում անգամ նրանք չեն տրվում խաղաղ ալիքների հոսքին և փորձում են գտնել կատարվածի արդար դատաստանը: «Սա ֆիլմ է վրեժի մասին»,- հավելում է Ատոմ Էգոյանը Hollywood reporter պաբերականի հետ զրույցում:
Դիտեք ֆիլմի պաշտոնական թրեյլերը.
Պատրաստեց ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ