«Ես Արթուր Բաղդասարյանին և՛ ֆիզիկապես, և՛ մարմնապես, և՛ բարոյապես, և՛ հոգեպես տանել չեմ կարողանում, բայց…». Գառնիկ Իսագուլյան
«Երբ ասում է՝ մեկ քայլ առաջ է, թող ասի՝ այդ ո՞ր մեկ քայլն է»,- այսօրվա ասուլիսում՝ խոսելով Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի այն հայտարարության մասին, թե Սահմանադրության նախագիծը մեկ քայլ առաջ է նախորդից, նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նաև համաձայն չէ Կ. Բալայանի այն հայտարարության հետ, որ գործող Սահմանդրությունը հակասում է Անկախության հռչակագրին. «Կիմ Բալայանը քանի որ հանճարեղ իրավաբան է, թող ասի, թե կոնկրետ ինչը նկատի ունի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Մկրտիչ Մինասյանն էլ Գ. Իսագուլյանին խորհուրդ տվեց իր բոլոր «մտահոգությունները, տվայտանքները՝ հոգու և գաղափարական», հանձել թղթին և փոխանցել աշխատանքային հանձնաժողովին:
Գ. Իսագուլյանն էլ ասաց, որ ինքը կողմ է բանակցություններին և քննարկումներին. «Ես շատ հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողմ են այս նախագծի տարբերակին, դրա համար ոչ մի առաջարկ չենք մերժում՝ գնանք և քննարկենք այդ նախագիծը: Ես ուզում եմ ավելի փաստարկված ինձ ասեն, որ՝ Գառնիկ ջան, տես՝ այս կետն այս առավելությունն է տալիս: Հիմա ես ինչո՞ւ եմ կոչ անում բոլոր նախագահներին հանդիպել: Սա շատ կարևոր հարց է: Ես Արթուր Բաղդասարյանին և՛ ֆիզիկապես, և՛ մարմնապես, և՛ բարոյապես, և՛ հոգեպես տանել չեմ կարողանում, բայց նույնիսկ իր հետ պատրաստ եմ նստել ու քննարկել այս հարցը»: