«Էրդողանի նպատակը Թուրքիայում նախագահական լիարժեք համակարգ հաստատելն է». թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերլուծեց Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները: Ըստ նրա՝ Թուրքիայում իրավիճակն ավելի քան ճգնաժամային է. «Թուրքական ինքնաթիռները, բացի Հյուսիսային Իրաքում PKK –ի դիրքերը ռմբակոծելուց, ռմբակոծում են երկրի ներսի քրդական գյուղերը, այսինքն՝ Թուրքիան իր տարածքն է ռմբակոծում: Ռմբակոծությունների պատճառով բավականին հրդեհներ են առաջացել տարբեր շրջաններում, անտառները այրվում են, և նույնիսկ մարել չեն փորձում:

Թուրքիան գրեթե բոլոր հարևանների հետ հարաբերությունները խզել է, տարբեր երկրներում դեսպաններ չունի, Դավութօղլիի՝ առկա բոլոր խնդիրները զրոյականացնելու նախաձեռնությունը հանգեցրել է զրո բարեկամի: Հիմա բոլոր երկրների հետ Թուրքիան խնդիրներ ունի»:

Նրա կարծիքով՝ այս ամբողջ քաոսային իրավիճակը ստեղծվել է հենց Էրդողանի համառության պատճառով. «Թուրքիայում նախագահական լիարժեք համակարգ հաստատելու համար է այսպիսի քաոսային իրավիճակ ստեղծվել: Ընտրություններից ավելի քան 2 ամիս է անցել, սակայն, մինչև հիմա կառավարություն չեն կազմել, որովհետև Էրդողանը կարգադրել է բանակցել մյուս կուսակցությունների հետ, բայց այնպես անել, որ նրանք մերժեն: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ երկու ամիս բանակցելուց հետո վերջում Դավութօղլուն հայտարարում է. «Մենք պետք է նախընտրական կառավարություն կազմենք, նրանք հրաժարվում են»: Եթե ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը չհաջողվի հաղթահարել 10 տոկոսի շեմը, ապա Էրդողանի կուսակցությունը կունենա պարզ մեծամասնություն և միանձնյա կշարունակի իշխել:

Հենց սա է Էրդողանի նպատակը: Բայց չեմ կարծում, որ հաջողվի, որովհետև Էրդողանի կուսակցությունից դժգոհողները շատ են: Խոսակցություն կա, որ ընտրությունները նորից են հետաձգվելու: Այսինքն՝ Էրդողանը հարցախույզեր է անցկացնում, որոնք մխիթարական չեն՝ արդյունքների առումով, և այս պայմաններում հնարավոր է, որ պատճառաբանեն, թե երկրում քաոսային վիճակ է ու անժամկետ հետաձգեն ընտրությունները և իր կուսակցությունը օգտվի միանձնյա իշխանությունից»:

 

Տեսանյութեր

Լրահոս