«Իմ ընդունակությունները, իմ կարողությունները բոլորինն են, իմ ներաշխարհը՝ իմը»

Պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապողը միայն օդային ճանապարհն էր: Հայրը հիշում է թե ինչպիսի դժվարությամբ էր մարտական դիրքերից հասնում այն վայրերը, որտեղ հերթական ուղղաթիռն էր վայրէջք կատարել, որպեսզի Երեւան գնար: Դստրիկն այնտեղ էր: Ոչ թե պատերազմից էին փախցրել ապահով վայր, այլ այնտեղ էր ճակատագրի բերումով: Լուսինեն չի տեսնում: Այդպես էր կամեցել Աստված: Իրենք դրա դեմ պայքարել անուժ էին: Հետո վերահաս պատերազմն էլ ձեռ ու ոտ կապեց, կաշկանդեց: Կապանքներն արձակողը փոքրիկ աղջնակն էր: Հիշում է՝ ընկճվեց, երբ ընկերները դպրոց գնացին: Կարդալ սովորելու անհագ ցանկություն ուներ:

«Մայրս էր կարդում ինձ համար: Բայց հասկացա, որ ինքս պիտի սովորեմ: Կարդալը ուրիշ զգացողություններ է պարգեւում: Երբ ընկերներս դպրոց գնացին՝ ես էլ այդ ցանկությունն ունեցա: Գնամ գրաճանաչ դառնամ: Կցանկանայի ողջ համաշխարհային գրականությունը կարդալ: Երբ լսում ես, այն զգացողությունը չէ: Կարդալն ուրիշ է»:
Պատերազմը Լուսինե Դավթյանը հիշում է: Յուրովի: Հիշում է դպրոցական արձակուրդների օրերից, երբ ուղղաթիռով հայրիկի հետ հայրենի Գիշի էր գալիս (Գիշին Մարտունու շրջանի գյուղերից է):

Հիշում է չգիտակցված վախը, որ կարող է ռումբ պայթել, մնացել են հոր դիրք գնալու պահի ապրումները: Պատերազմը չտեսնող աղջնակի ամենատես հոգուն կորով տվեց: Հայրը հաճախ էր պատմում հրամանատարի՝ Մոնթե Մելքոնյանի մասին: Աղջնակի գիտակցության մեջ մեխվեց նրա ասածը՝ թե յուրաքանչյուրը պետք է զբաղվի նրանով, ինչ կարող է:

«Հայրս ասում էր, որ նա յուրաքանչյուրին իր գործին էր կարգում: Ոչ ոք չպիտի պարապ մնա եւ ոչ ոք մյուսի պարտականությունն իր վրա չպետք է վերցնի»:

Սա դարձավ Լուսինեի համար կանոն, որին հետեւում է ամեն հարցում, փորձելով գտնել իր ուրույն տեղը կյանքում, երբեք օրվա ծրագրածը կիսատ չթողնելով, իր արածի ու իսկ ավելի շատ չարածի հետեւանքները վերլուծելով: Դրանով նաեւ մեկնաբանում է մեզ հետ հանդիպելու, իր պատմությունը պատմելու համաձայնությունը:

9137

«Գուցե իմ օրինակն ազդակ հանդիսանա եւ մյուսներն էլ իրենց խնդիրների մասին համարձակվեն պատմել»:

Իսկ օրինակը շատ համոզիչ է: Սկզբում իր համառությամբ կարողացավ իրականություն դարձնել կարդալու երազանքը: Ապա ընդունվեց Երեւանի պետական համալսարան: Ավարտեց գերազանցությամբ: Ծնողներն ասում են իրենք էլ չհասկացան, թե ինչպես՝ եւ ինքն ավարտեց, եւ անբաժան ուղեկից քրոջն օգնեց, հետո էլ եղբորը համոզեց, որ մասանագիտություն ստանա երեւանյան բուհերից մեկում:

Երեւանյան ուսումնառության օրերից երկու նվիրական անուններ է տալիս Լուսինեն: Ընկեր Ավանեսյանը՝ լեզվի եւ գրականության ուսուցչուհին եւ երգուսույց Զավեն Թագակչյանը:

Երկուսն էլ օգնեցին, որ գիր ու գրականության, հնչյունների ու երաժշտության աշխարհում աղջնակը գտնի այն գույները, որ կարող են օգնել տեսնել, զգալ, ըմբռնել չտեսածը, ներարկեցին ունեցածը ուրիշներին տալու, փոխանցելու շնորհը:

«Ընկեր Ավանեսյանը մի օր ասաց. «Շատից շատ են պահանջում, քչից՝ քիչ»: Այս նախադասությունն ինձ համար նախաշարժիչ էր: Հասկացա, որ պետք է չգնալ ձեւավորված կարծիքների հետեւից, լինել այնպիսին, ինչպիսին կաս: Եւ ամենակարեւորը տալ ունեցածդ: Ես ուզում եմ, որ շատերն ինձ նման լինեն: Իրենց ունեցածը հասցնեն բաղձյալին, դրա կարիքն ունեցողին, ոչինչ իրենց հետ չտանեն: Թումանյանն է չէ՞ ասել՝ «Մեր գանձերը ծով, Մեր գանձերն անհուն»: Գանձերը մերն են, բայց ուրիշի համար են, ովքեր դրա կարիքն ունեն»:

Մասնագիտությամբ հոգեբան Լուսինե Դավթյանը մի քանի նախագծերի հեղինակ է: Համակարգչային ինքուսույց է մշակել չտեսնողների համար: «Ովքեր գումար ունեն, կամ բանիմաց են իրենց երեխաներին ժամանակակից տեխնիկայից օգտվել կսովորեցնեն, իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չեն կարող վճարել, կամ չեն հասկանում դրա կարեւորությունը»,- իր նախաձեռնության իմաստը բացատրում է Լուսինեն:

9138

Հաշմանդամների եւ նրանց ընտանիքների, հասարակության գիտակցությունը փոխելու դրադապատճառից ելնելով ռադիոհաղորդումներ է պատրաստել «Հաշմանդամալիրաժեք գիտակցության ստեծումը», «Ադեկվատ վերաբերմունքի ստեղծումը» խորագրերով՝ այն գործարարների հետ, ովքեր աշխատանքի են ընդունել հաշմանդամների: Նրանցից ոմանք նաեւ դարձել են իր ծրագրերի հովանավորը:

Ռադիոնախագիծը ֆինանսավորման պատճառով մնաց կիսատ, փոխարենը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Երիկյանի աջակցությամբ գործում է «Զանգերի կենտրոն» ծրագիրը:
Իր այս ծրագրի մասին Լուսինեն պատմում է ոգեւորությամբ՝ «Ցավն է հաճախ առաջ մղում»: Իսկ ցավն իր համար չէ, այլ հասարակության խնդիրներ ունեցող անդամների:

Դժգոհ է հաշմանդամների ինտեգրման նպատակով պետականորեն գործող ծրագրերից: Ավելի ճիշտ դրանց իրագործման մեխանիզմներից: «Եթե տարիների ընթացքում ոչինչ չի փոխվում, ուրեմն ինչ- որ բան այնպես չէ»: Շատ պաշտոնյաների վարքն իրենց դիրքին ադեկվատ չէ: «Ամեն մարդ պիտի իր տեղում լինի: Ապրումակցման խնդիր կա: Պետք է լսել ոչ թե ականջներով, այլ վերլուծել լսածդ»: Այնինչ, ըստ Լուսինեի, խնդիրներով անդամ ունեցող ընտանիքների ամենամեծ խնդիրը տեղեկացվածության պակասն է, երբ չգիտեն ոչ միայն իրենց իրավունքները, այլեւ թե ինչպես պիտի վարվեն ընդհանրապես, ինչպես դաստիարակեն, սովորեցնեն իրենց երեխաներին:

«Աստված բոլորիս ստեղծել է հավասար»,-ասում է Լուսինեն: Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր մարդու ձեռքին մի սպեղանի կա, որ պետք է վերադարձնի: «Ոչինչ հենց այնպես չի լինում»:
Իր հիմնադրած «Զանգերի կենտրոնը» հենց այն սպեղանին է, որ մասնագիտությամբ հոգեբանն առաջարկում է իր բախտակիցներին:

9139

«Մարդ զանգում է: Ու նրան հետ են զանգում, հարցնում ինչ խնդիր ունի: Անվճար հեռախոսահամարը Ռալֆ Երիկյանն է տրամադրել: Այդպես հաշմանդամը նույնիսկ այդ զանգի համար ուրիշի չի դիմում: Ինքնուրույն լինելն առաջին բանն է, որ պետք է սովորեն մարդիկ: Ինքուրույն կարդալ, գրել, հաղորդակցվել, քայլել, կողմնորոշվել, աուդիոգրքեր լսել, սովորել: Բազմոցին պարապ նստելուց բացի այնքան հետաքրքիր բաներ կան»: Այս ամենի մասին զանգերի կենտրոնի շնորհիվ Լուսինեն տեղեկացնում է մարդկանց, նաեւ սովորեցնում ինչ-որ մի ձեւով գումար վաստակել, նաեւ այդ հարցում ազատություն ստանալով: «Վաղն այդ մարդկանց ծնողները չեն լինի: Ի՞նչ պիտի լինի այդ մարդկանց վիճակը»,- թվում է հռետորական հարց է տալիս Լուսինեն: Բայց իր ապրելակերպը հուշում է, որ ինքը գիտի դրա պատասխանը: Լուսինեն հայտնի մարդկանց անուններ է տալիս, որ տեսողության խնդիրներ ունեին, բայց նվաճել են այնպիսի բարձունքներ, որ հասանելի չեն նույնիսկ նաեւ որեւէ խնդիր չունեցողներին:

«Ինձ առաջարկել են ուսումս շարունակել արտասահմանում: Այնտեղ հաշմանդամների համար հեշտ է: Բայց ես չեմ համաձայնել: Ես տալիք ունեմ եւ դա պետք է այստեղ տամ»:

Մասնագիտությամբ հոգեբանը միայն մասնագիտական դաշտում չէ, որ իր անելիքը տեսնում է: Իր ուսուցչի՝ Զավեն Թագակչյանի ավանդածը տարածելու պարտավորություն ունի: Երգում է նրա ավանդած ժողովրդական երգերից: Ուսուցիչը կատարեց իր առաքելությունը, իր հավաքած նշխարները փոխանցեց աշակերտներին: Հիմա Լուսինեն փորձում է նրա ավանդածը հասանելի դարձնել մյուսներին:

«Արմատների ապավինմամբ՝ վերդառնանք արմատներին» խտասկավառակն է ձայնագրել: «Ուզում եմ ընկեր Թագակչյանի արածը մնա, հենց այն վիճակում, ինչպես ինքը ժողովրդից հավաքել ու մեզ է փոխանցել»,-ասում է Լուսինեն: «Շնորհանդես-վաճառք պիտի լինի: Հասույթը կփոխանցենք կրկնակի հաշմանդամներին»: Մեկ երգ՝ «Զարթնիր որդյակը իմ», ձայնագրել է երգիչ Մրոյի՝ Արսեն Գրիգորյանի հետ:

Այն տպավորությունն է, որ Լուսինեն շտապում է, որքան հնարավոր է շատ բան հասցնել: Չի հերքում: «Թվում է, թե ժամանակը հարաճուն է, բայց չէ, ժամանակը շատ կարճ է: Մենք ինչո՞ւ ենք եկել այս աշխարհ: Պետք է կարողանանք մեր առաքելությունը կատարել: Հակառակ դեպքում, երբ բախենք ՆՐԱ դուռը, կասի՝ ձեզ չեմ ճանաչում, չեք կարողացել իմ տվածն օգտագործել»:

Այս ամենի հետ հասցնում է նաեւ տնարարությամբ զբաղվել: Սիրում է խոհանոցում լինել, իր պատրաստած թխվածքն է հյուրասիրում, հրավիրում այցելել ձմռանը՝ ավանդական կերակրատեսակներ համտեսելու: Ինչպես բոլոր աղջիկները, երազում է իր ընտանքին ունենալու մասին: Խոստովանում է՝ շատերից է առաջարկ ստացել, բայց դեռ չի հանդիպել նրան ով «կլիներ իրենը»: «Իմ ընդունակությունները, իմ կարողությունները բոլորինն են, իմ ներաշխարհը՝ իմը: Այդտեղ քչերն ունեն մուտքի արտոնագիր»:

Լուսինե Ավանեսյան

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս