«Այլ տարբերակ չկար». Աղասի Ենոքյան

Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարեց, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին և պայքարելու են նաև այդ հարթությունում՝ քաղաքական ուժերի հետ: Ինչպես հայտնի է, նախաձեռնությունը երկար ժամանակ հրաժարվում էր հոսանքի թանկացման դեմ պայքարը տեղափոխել քաղաքական հարթություն՝ նշելով, որ իրենց հաջողության գրավականը հենց այն է, որ իրենք քաղաքացիական հարթյունում են պայքարում:

Սակայն այսօր նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը «խաբել» են ժողովրդին ու հիմա իրենք նորից դուրս են գալու փողոցային պայքարի՝ չկրկնելով նախկին սխալները:

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա շատ բնական զարգացում էր, քանի որ քաղաքացիական հարթության մեջ իրենց առաջ դրված խնդիրները շատ կոնկրետ ու շատ փոքր էին հաջողության հասնելու համար:

Մեր ճշտող հարցին՝ սա ճի՞շտ քայլ եք համարում «Ո՛չ թալանին»-ի կողմից, Ա. Ենոքյանն այսպես պատասխանեց. «Այլ տարբերակ չկար, Բաղրամյան փողոցում տեղի ունեցածը ցույց տվեց, որ քաղաքացիական մակարդակում մնալը բերում է լճացման»:

Մեր այն հարցին էլ, թե Բաղրամյանում տեղի ունեցածից հետո ինչքանո՞վ է հավանական, որ ժողովուրդը պատարատ է նորից ոտքի կանգնել նույն խնդրի համար, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ դա լրիվ այլ խնդիր է, որն իրավիճակից է կախված. «Մարդիկ այն անգամ հավաքվեցին ու տուն գնացին զուտ այն պատճառով, որ այս ամեն ինչի մեջ քաղաքական խնդիր դրված չէր, հիմա նման առանցքի շուրջ հարցեր բարձրացնելը որոշակի հաջողության գրավական է»:

 

Տեսանյութեր

Լրահոս