«Հայ իրանական հարաբերություններում գնդակը հայկական դաշտում է». իրանցի քաղաքագետ
«Հայաստանը պետք է ներկայացնի հայ-իրանական հարաբերությունների իր տեսլականը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի սյունյակագիր, քաղաքագիտության դոկտոր Իսմայիլ Սալամին` անդրադառնալով Իրան-Արևմուտք խորացող հարաբերությունների ֆոնին հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներին և այդ հեռանկարների առնչությամբ հայկական կողմի լռությանը:
Հարցին, թե հայ-իրանական հարաբերություններում առկա չիրացված ռեսուրսի համար ո՞ր կողմին պետք է մեղադրել, և ո՞ր կողմն է թերացել, նա արձագանքեց՝ ասելով, թե հարաբերությունների ներկայիս մակարդակի համար պատասխանատու են երկու կողմերը: Սակայն նա նաև ակնարկեց, որ «գնդակը Հայաստանի դաշտում է»: Իրանցի փորձագետն ասաց, որ Հայաստան-Իրան համագործակցության դաշտը տնտեսական և էներգետիկ ոլորտում շատ լայն կարող էր լինել, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Իրանը սահմանակից երկրներ են, իսկ Իրանը հարուստ է էներգակիրներով, որոնք հեռանկարում նաև պետք է առաքի Եվրոպա: Ըստ նրա` երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հեռավոր ապագա էր թվում, Հայաստանով էներգակիրների տարանցման հնարավորությունը լրջորեն չէր դիտարկվում: Բայց այսօր, նրա խոսքով, այդ հարցը դիտարկվում է, և իրանական կողմը խոսում է այդ մասին:
«Ես վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններ զարգացնելու հսկայական դաշտ կա, որը երբեք չի իրացվել: Իրանցի պաշտոնյաները ներկայումս դիտարկում են այդ հնարավորությունը, պաշտոնական դեմքերը խոսում են այդ մասին, բայց հայկական կողմը, իմ տեղեկություններով՝ դեռ չի արձագանքել»,- նշեց Ալի Սալամին` հավելելով, որ հայկական կողմը ևս պետք է հայտնի Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ իր մտադրությունները: Իսմայիլ Սալամիի կարծիքով` Իրանի համար հայ-իրանական հարաբերությունները զարգացնելն առաջնահերթություն է, որի համար իրանցի պաշտոնյաները տարատեսակ առաջարկներով և ակնարկներով են հանդես գալիս: Հարաբերությունները զարգացնելու համար, նրա համոզմամբ, անհրաժեշտ են երկու կողմերի ջանքերը: