«Այո, կմիավորվի ընդդիմությունը…». ՀՀԿ-ական պատգամավոր

«Այն հետաքրքրությունը, որը կա հանրային և քաղաքական շրջանակներում, գնահատում եմ շատ բնական և դրական. իրականում սկսվել է սահմանադրության նախագծի լայն հանրային քննարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչ մտահոգիչ դրույթներ կան այս նախագծում, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ թեպետ ինքը 10 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ներկայացրել հանձնաժողովին, սակայն կարծում է՝ եթե այս տեքստում ընդհանրապես փոփոխություններ էլ չլինեն՝ այն կարող է արդարացված լինել:

Հիշեցնենք, որ այսօր սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ՀՀ նախագահին կներկայացնի նախագծի վերջնական տարբերակը: Լրագրողներից մեկը Խ. Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինքը տեղյա՞կ է՝ արդյոք հանձնաժողովը հաշվի առե՞լ  է Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, մասնավորապես՝ խորհրդարանի ձևավորման երկու փուլի հետ կապված: Ի պատասխան Խ. Հարությունյանն ասաց, թե ինքը չի կարող պատասխանել սահմանադրական բարեփոխուների հանձնաժողովի փոխարեն, բայց մեկնաբանեց ԱԺ-ի ձևավորման երկրորդ փուլի էությունը. «Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ Իտալիայի հնարավորություները, մենք չենք կարող մեկ-երկու տարին մեկ պերմանենտ ընտրություններ կազմակերպել: Այս երկրորդ փուլի իմաստը կայուն մեծամասնության գաղափարն է»:

Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ քննադատության է ենթարկել սահմանդրության նախագիծը և խոստացել է, որ աշնանը պայքար են սկսելու սահմանադրական բարեփոխումների դեմ, ըստ ձեզ՝ հնարավո՞ր է՝ ընդդիմությունը նորից համախմբվի ու պայքար սկսի, Խ. Հարությունյանը պատասխանեց, որ մեր իրականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ինքը մի քիչ հավանական չի համարում սահմանադրական բարեփոխումների հետ կապված համաժողովրդական ընդվզումը. «Քանի որ նույն ընդդիմության ջանքերով արժեզրկվեց սահմանադրության կարևորությունը հանրության շրջանակներում: Այո, կմիավորվի ընդդիմությունը, որովհետև ցանկացած հարց ՝ուղղված իշխանությունների դեմ, միավորում է նրանց, ու կապ չունի՝ նրանք համաձա՞յն են այդ հարցի հետ, թե՞ ոչ»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս