Բաժիններ՝

Մայր Աթոռում պատրաստվում են Սուրբ Մյուռոնօրհնեքի արարողությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք նվիրական իրադարձության` Մյուռոնօրհնեքի պատրաստությունները սկսվում են 40 օր առաջ: Այդ նպատակով ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվել է Մայր Տաճարի Ավագ Խորանին և փակվել շղարշե ծածկոցով:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Նա հայտնել է, որ ամեն օր` երեկոյան ժամերգությունից հետո, կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք: Հայր Զաքարիան խոստացել է իր ֆեյսբուքյան էջում ամեն օր զետեղել տեղեկատվություն Մյուռոնի խորհրդի, բաղադրության, նշանակության և հարակից մյուս հարցերի մասին: «Կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու, ինչպես նաև շահեկան մեր մտքի և հոգու համար: Այնպես որ, 40 օր զինվում ենք հոգևոր գիտելիքներով` նաև համացանցի միջոցով պատրաստվելով Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը: Հետևե´ք, տարածե´ք և օգտվե´ք»,-գրել է նա:

Հայ Առաքելական եկեղեցին Մյուռոնօրհնեքի արարողությունը կատարում է 7 տարին մեկ անգամ: Այդ նպատակով աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռում են հավաքվում ուխտավորները, կրոնական բարձրաստիճան պաշտոնյաներ: Սրբալույս Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ 0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում նրբահյուս շղարշով։

Քառասուն օր շարունակ երեկոյան ժամերգությունից հետո հոգևոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով և սուրբգրային ընթերցվածներով։ Մյուռոնօրհնեքի նախատոնակին՝ գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։ Սուրբ մյուռոնով են կատարվում և սրբագործվում եկեղեցական ծիսակարգը` Ջրօրհնեքը, Մկրտությունյ, քահանաների, եպիսկոպոսների և կաթողիկոսի օծման արարողությունները և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս