Բուդաղյանների փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ստացել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էին նրա երեք բողոքները: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքարկել այն: Հայկ Ալումյանը վիճարկում էր որոշումները, որոնցով քրեական հետապնդում չէր իրականացվել 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և այժմ նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր. նախաքննական մարմինը գտել էր, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Նշենք, որ վաղը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Արտակ Բուդաղյանի վերաբերյալ գործով դատական նիստը: Նախատեսվում է, որ ճառով հանդես է գալու պաշտպանական կողմը: Հիշեցնենք, որ դատախազն իր ճառում ապացուցված էր համարել Արտակ Բուդաղյանի մեղքը` պահանջելով նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակել 150 հազար դրամ տուգանք:

Նշենք, որ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մաս`սպանության սպառնալիք), որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Տեսանյութեր

Լրահոս