
«Ունենք ներքին ինֆորմացիա, որ Ուրմիա լիճը ցանկանում են վերականգնել Վանա լճի ջրով». Սիլվա Ադամյան

Օրեր առաջ հայկական լրատվամիջոցները, հղում կատարելով իրանական ու վրացական լրատվամիջոցներին, գրել էին, որ Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով: Իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին իրանական մամուլին տված հարցազրույցում ասել էր, թե կողմերը տվյալ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել: Պայմանավորվածության համաձայն՝ Կուր գետի ու Սևանա լճի ջուրը պետք է մղվի 3 մղիչ կայանների միջոցով դեպի Ուրմիա: Բոլոր երեք կայաններն էլ գտնվում են Իրանի տարածքում:
168.am-ը բնապահպան Սիլվա Ադամյանից փորձել էր ճշտել, թե արդյո՞ք մեր բնապահպանները տեղյակ են այս խնդրից: Բնապահպանն ասել էր, որ իրենք էլ միայն լրատվամիջոցներից են տեղեկացել և նամակ են գրել ՀՀ վարչապետին, որպեսզի հասկանան, թե որտեղի՞ց է գալիս այդ ինֆորմացիան: Այսօր նորից զրուցեցինք Սիլվա Ադամյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ է պատասխանել վարչապետը կամ ի՞նչ ներքին ինֆորմացիա ունեն բնապահպաններն այս խնդրի մասին:
Սիլվա Ադամյանն ասաց, որ վարչապետից դեռ պատասխան չեն ստացել, բայց հստակ գիտեն, որ նման քննարկումներ Իրանում եղել են. «Այդ խոսակցություններից հետո, երբ հասարակական կազմակերպությունները գլուխ են բարձրացրել, այնտեղ այլ տարբերակ է առաջարկվել. ունենք ներքին ինֆորմացիա, որ Ուրմիա լիճը ցանկանում են վերականգնել Վանա լճի ջրով: Բայց դա միայն առաջարկություն է, և չգիտենք՝ որքանո՞վ է պաշտոնական, որովհետև ոչ պաշտոնական ձևով ենք հայթայթել այդ տեղեկատվությունը»:
Հարցին՝ Վանա լճի էկոլոգիական վիճակը թո՞ւյլ է տալիս լճից ջուր բաց թողնել, նա պատասխանեց. «Նախ չգիտենք՝ դա պաշտոնապես է, թե ոչ, որովհետև խոսակցության ձևով է մեզ հասել, որպեսզի հետաքրքրվենք, հասկանանք՝ արդյո՞ք կարելի է Վանա լճից այդ ջուրը տանել: Մենք դեռ այդ հետազոտման պրոցեսին չենք հասել, որովհետև, այնուամենայնիվ, պաշտոնական ոչինչ չի ասվել՝ այս առումով»: