«Նաիրիտ 2»-ը ցանկանում է վաճառել գործարանի գույքը
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ 2» ընկերությունը, որի հետ նաիրիտցիներին պարտադրեցին պայմանագրեր կնքել ու հօգուտ դրան աշխատավարձի կուտակված պարտքի տույժ-տուգանքների իրավունքից հրաժարվել, այժմ գույքագրում է իրականացնում գործարանում: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Նաիրիտ 2»-ը դիմել է 4-5 աուդիտորական ընկերության՝ հետաքրքրվելով, թե որքան կարժենա 4 խոշոր գույքի գնահատումը՝ դրանք օտարելու նպատակով:
Այդ 4 օբյեկտներից մեկը «Կապույտ լիճ» հատվածն է, որի վաճառքի անթույլատրելիության խնդրին 168.am-ը բազմիցս անդրադարձել է: Այդ տեղամասում, հիշեցնենք, կա 2 խողովակաշար, որոնք աշխատում են՝ մեկը մյուսին փոխարինելով, և, քանի որ խափանումները բացառված չեն, մի խողովակաշարի վթարի դեպքում գործարանի աշխատանքները կդադարեն շաբաթներով: Այսինքն՝ այս խողովակաշարերից թեկուզ մեկի վաճառքն անթույլատրելի է և բացառում է «Նաիրիտի» երբևէ վերագործարկման հնարավորությունը, եթե, իհարկե, իրականում կա գործարանը գործարկելու նպատակ ընդհանրապես: Ու որքան էլ պաշտոնյաները կամ նախկին նաիրիտցիներից ոմանք՝ մասնագետ չլինելով հանդերձ, պնդեն, թե խողովակներից մեկի վաճառքը չի վնասի գործարանի աշխատանքին, սակայն «հին նաիրիտցիներն» ու մասնագետները հակառակ կարծիքն են հայտնում և վստահ են, որ «Կապույտ լճի» թեկուզև մեկ խողովակաշարի վաճառքը շատ լուրջ խնդիրներ կառաջացնի գործարանի վերագործարկման համար: