«Կադրերի բաժին N 168»-ում Յոս Սթելինգն է. «Ամարկորդ» (ԲԱՑԱՌԻԿ)
«Կադրերի բաժին N 168»-ում այսօր նիդեռլանդցի մեծանուն ռեժիսոր և սցենարիստ Յոս Սթելինգն է, ով 168.am-ի ընթերցողներին առաջարկում է դիտել Ֆեդերիկո Ֆելինիի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Ամարկորդը» (Federico Fellini «Amarcord»): Իր առաջարկը հայտնի ռեժիսորը մեկնաբանում է այսպես. «Խորհուրդ կտամ նայել Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդը», որն այնքան հարուստ ֆիլմ է, իմ կարծիքով՝ մեկը հարյուրից, որ արժանի է համարվելու լավագույն ֆիլմ: Այս ֆիլմը կարելի է նայել՝ թեկուզ միայն այնտեղ պատկերված հոյակապ իրոնիայի համար, ի վերջո, կյանքն առանց իրոնիայի դժվար հաղթահարելի բան կլիներ»:
Այսպիսով, այսօր առաջարկում ենք նայել իտալացի ռեժիսորի ամենահիշարժան ֆիլմերից մեկը, որ բազմաթիվ կինոքննադատների հավաստմամբ՝ համարվում է Ֆելինիի ինքնակենսագրական պատումը: Դեպքերի զարգացումը տեղի է ունենում իտալական գավառային մի քաղաքում, որ, ըստ ամենայնի, ռեժիսորի ծննդավայր Ռիմինն է, և որը պատմում է 20-րդ դարի 30-ականների ֆաշիստական էպոխայի մասին: Ֆիլմ, որ չունի հստակ արտահայտված սյուժե և արդարացիորեն կարելի է համարել էպիզոդների առինքնող խճանկար: Դեպքերի կիզակետում համեստ մի ընտանքի պատմություն է՝ պատանի Տիտտայի, նրա ծնողների, մեծ հոր և խելագար հորեղբոր՝ Տեոյի համատեղ կյանքի նկարագրությամբ…
Ֆիլմն արժանացել է մի քանի տասնյակ մրցանակների, այդ թվում՝ նաև 1975 թ. «Օսկար» մրցանակաբաշխության՝ Լավագույն արտասահմանյան ֆիլմ, 1974 թ. «David di Donatello» կինոմրցանակի՝ Լավագույն ռեժիսոր և Լավագույն ֆիլմ անվանակարգերում, ինչպես նաև՝ 1974թ. ԱՄՆ ազգային կինոքննադատների ասոցացիայի՝ Լավագույն արտասահմանյան ֆիլմ մրցանակին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը