«Ինչո՞ւ հիմա որոշեցինք սահմանադրական փոփոխություններ անել»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հասարակությունն արդարացիորեն դժգոհում է պետական տարբեր համակարգերի գործունեությունից, իսկ դրանց արմատները դրված են Սահմանադրության մեջ. «Հասկանալի է, որ տասը տարվա մեջ երկիրը բնական զարգացում է ունեցել, և հասունացել է որոշակի փոփոխություններ իրականացնելու ժամանակը»:
Ըստ նրա՝ եթե խորհրդարանի մեծամասնությունը մի կուսակցությունից է, իսկ հաջորդ տարի նախագահն ընտրվում է մի այլ կուսակցությունից, դա կբերի քաղաքական և սահմանադրական ճգնաժամի. «Դրանից խուսափելու համար որոշեցինք օր առաջ կանխել դա և թույլ չտալ, որ Հայաստանը հայտնվի այնպիսի վիճակում, ինչպես ժամանակին Վրաստանն էր: Ինչո՞ւ հիմա որոշեցինք սահմանադրական փոփոխություններ անել, որովհետև 10 տարի ժամանակն անցավ, պետք է անցնել զարգացման նոր փուլ, որն այս նախագծում ներառված է»:
Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ նախագծի առավելություններից մեկը երկրում կայունություն ապահովելն է՝ քաղաքական, սահմանադրական ճգնաժամերից զերծ մնալը. «Երկրորդը՝ մարդու իրավունքների բաժինն ավելի մասնավորեցված է, ներկայացված են մի շարք լրացուցիչ իրավունքներ, հստակեցում է մտցված այդ բաժնում: Հաջորդն այն է, որ մի շարք կետերում ընդգծված են ազգային ինքնության պահպանության դրույթները: Հաջորդ առավելությունն Ազգային ժողովի վերահսկիչ դերի ավելացումն է, ինչը միանշանակ դրական ազդեցություն կունենա ամբողջ մթնոլորտի վրա և ինքն իրենով ժողովրդավարական բարեփոխում է: Մյուսը՝ ԱԺ-ի 100% համամասնական ձևավորման համակարգն է, ինչն ընդդիմությունը նաև 12 կետով էր պահանջում: 100% համամասնականը կբերի ԱԺ-ի որակական աճին և ամբողջ քաղաքական համակարգի որակական փոփոխությանը: Հաջորդն ընդդիմությանը տրվող լիազորությունների շեշտակի ավելացումն է: Ընդդիմությանը տրվում են նոր հնարավորություններ, ինչը ևս նրանք պահանջել են 12 կետով: Դատական համակարգը ևս ենթարկվել է բավականին լուրջ փոփոխությունների, որոնք կբերեն դատական համակարգի և՛ էֆեկտիվության աճին, և՛ երկրում արդարադատության ու արդարության մակարդակի բարձրացմանը»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ նոր նախագծի 202-րդ հոդվածով նույնը մնաց գործող Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը, որն ասում էր, թե Սահմանադրական դատարանը հիմնական իրավունքների պաշտպանությունը երաշխավորել է՝ միայն ընդդեմ օրենսդիր և գործադիր իշխանության, իսկ դատական իշխանությանը դուրս է թողել սահմանադրական վերահսկման ոլորտից, այսինքն՝ քաղաքացին այսօր չի կարող պաշտպանվել դատարանների կողմից իր հիմնական իրավունքների խախտման համար, նա պատասխանեց.
«Եթե դատարանն ինքը՝ կոչված լինելով պաշտպանել քաղաքացիների իրավունքը, խախտում է որևէ բան, իհարկե, պետք է մեխանիզմներ լինեն, որոնք կասեցնեն դա: Սահմանադրական դատարանում, հանդիպելով մշակող հանձնաժողովին, բարձրացրել ենք մի շարք տարբերակներ, մեխանիզմներ, որոնք էլ ավելի կուժեղացնեն դատական իշխանության օրինական գործունեությունը: Այստեղ մի բարդ խնդիր կա. մի կողմից պետք է ապահովենք դատարանների անկախությունը, որպեսզի դատարանները չճնշվեն իշխանության այլ ճյուղերի կողմից, մյուս կողմից՝ իհարկե, դատարանների գործունեությունը, անկախությունը չպետք է լինի անվերահսկելի: Նախագծում կան մեխանիզմներ, որոնք բերում են դատարանների ինքնավերահսկողությանը, բայց գուցե այստեղ, իհարկե, ավելի պետք է շեշտադրել այդ մտահոգությունը, որ, եթե դատարանում է կատարվում խախտումը, ինչպիսի՞ հստակ մեխանիզմներով այդ խախտումը կասեցնել:
Բայց և՛ ձեր, և՛ մեր, և՛ հասարակության մտահոգությունն է այն, որ մեր դատարանները լավագույն վիճակում չեն, և պետք է էլ ավելի զարգացնենք: Սահմանադրությունը պետք է տա այդ հարցերի պատասխանը՝ ինչպե՞ս անել, որ դատարաններն ու, առհասարակ, բոլոր համակարգերը գնան դեպի զարգացում»: