Կառավարությունը սուբսիդավորում է միայն բնակչության սպառած էլեկտրաէներգիայի սակագինը
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի գործող սակագների հարցին:
«Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ: Կարծում եմ, որ կառավարությունը չէ, որ պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա վերցնելու ենք սակագնի տարբերությունն ազգաբնակչության համար: Երբ հանրապետության նախագահն արձակուրդից վերադառնա, ես իր հետ նաև քննարկելու եմ ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, ովքեր ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք»,- ասել է Հ. Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով։