Բժշկուհու հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչի՞ց է մահացել Մերի Մարգարյանը. Մ. Մարգարյանի իրավահաջորդի շահերի պաշտպան

Մերի Մարգարյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ առաջին փորձաքննության եզրակացությամբ պետք է մահվան պատճառը հիմնավորվի, այնուհետև հանձնաժողովային փորձաքննությամբ նոր որոշվի յուրաքանչյուր բժշկի գործողություններն ու դրանց հետևանքով գրանցված արդյունքները, և արդյո՞ք մեղավոր անձինք կան: Նա նշեց, որ Շուշանիկ Բախշյանը վկայի կարգավիճակում է:

Փաստաբանն ասաց, որ 2006թ. սկսած ոլորտում է ու իր պրակտիկայում եզակի են դեպքերը, երբ բժշկի մեղքն ապացուցվի ու նրան դատապարտեն, իսկ պատճառները չի կարող ասել:

«Ինձ համար անհասկանալի էր, որ եթե կա առողջապահության նախարարի հրաման, որ հղիների դիմելը բժշկական հաստատություն բարձր ջերմության պարագայում պարտադիր պայման է և դա ներառված է հղիության վտանգի ցանկում ու բժիշկը հղի հիվանդին տեսնում է բարձր ջերմության պայմաններում, չպետք է սահմանափակվի միայն անալիզներ վերցնելով, առավել ևս, եթե նա պաթոլոգիա չի հայտնաբերում և կողմնակի հետազոտություններ չի իրականացնում, այլ ընդամենը հայտարարում է, որ սա վիրուս է, ապա ինչո՞ւ այդ վիրուսի մասին գրառում չկա Մերի Մարգարյանի հիվանդության քարտում: Այսինքն՝ այդ եզրակացությունն էլ որպես բժիշկ նա տվել է ուղղակի էմոցիոնալ դաշտում:

Մերի Մարգարյանի հարազատների կողմից հրապարակավ հայտարարությունները, Քննչական կոմիտեի համար հիմք հանդիսացան՝ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի երկրորդ մասով գործ հարուցելու և այնտեղ հստակ նշվեցին, որ՝ համաձայն լրատվամիջոցներին տրված եղբոր տեղեկությունների»:

Կարդացեք նաև

Մարինե Թովմասյանը նշեց, որ չի հասցրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստանալ փաստաթղթերի պատճենները, որովհետև գործը գտնվում էր դատաբժիշկների տրամադրության տակ. «Ես միայն ձեռք եմ բերել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կազմված փաստաթղթերը, և շատ կարևոր հանգամանք է, որ եթե ըստ բժշկի՝ պաթոլոգիա չկա, ապա ի՞նչն է խանգարել որպեսզի Մերին ենթարկվեր կեսարյան հատման, ինչը, հրատապ վիճակը հասկանալով, իրականացրել է «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Պրակտիկայում արդեն բավականին դեպքեր ունենք, երբ հղի կնոջ մոտ ջերմության բարձրացման պարագայում, եթե այդ պահի դրությամբ հետազոտված արդյունքներով որևէ ախտանիշ ցուց չի տալիս և հղիությունն այն ամսին է գտնվում, երբ պտուղն արդեն ձևավորված է, բժիշկները չեն վարանում, կեսարյան հատման են դիմում՝ գոնե երեխայի կյանքը փրկելու համար: Այս պարագայում մենք ունենք Մերի Մարգարյանի վիճակի ծանրացում, որը նաև վնասել է պտղին: Անգամ ծնողներն են առաջարկել, որ միգուցե կեսարյան հատում իրականացնենք, բայց պատասխանը եղել է բացասական:

Մինչև վերջին պահը հարազատները չեն հասկացել՝ Մերիի մոտ ինչ է կատարվում: Այսինքն՝ որևէ խորհրդատվություն, որևէ սիմպտոմների մասին չի նշվել:

Շատ հարցեր կան, որոնց ես այս պահին տիրապետում եմ, բայց քանի որ նախաքննություն է, ցավոք, չեմ կարող այդ հարցերի շուրջ որևէ բան ասել»:

Ըստ նրա՝ բժշկուհու նմանատիպ հայտարարությունը (լրատվամիջոցներում տարածված) թույլ է տալիս ենթադրել, որ նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչից է մահացել Մերի Մարգարյանը. «Եվ ամենակարևորը, որ Մերիի մոտ եղած սիմպտոմների պայմաններում բժիշկը դարձյալ որևէ ախտորոշում, եզրահանգում գոնե հարազատներին չի հայտնել:

Հուլիսի 23-ից մինչև 26-ը Մերիի ջերմաստիճանը 36.6 չի եղել երբեք: Այսինքն՝ նույնիսկ դեղորայքի ընդունման պարագայում 37-ից չի իջել: Իսկ վերջին օրը (ամսի 27-ին) իրականացված անալիզներից հետո բժիշկները պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկեին, որովհետև կարող եմ հավաստի ասել, որ այդ անալիզներից արդեն որոշակի տվյալներ կային: Սա հայտարարում եմ համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելուց հետո: Ինչո՞ւ հենց սկզբից չեն անցկացրել, օրինակ, թոքերի հետազոտություն, այլ՝ միայն ամսի 26-27-ին են դա արել: Այսինքն՝ եթե բժշկի նշանակած պարացետամոլ դեղահաբը նույնիսկ ջերմությունը չի իջեցրել, բժիշկը տեսել է, որ իր խորհուրդներն ու նշանակումները դրական դինամիկա չունեն, նրա գործողություններն ի՞նչ պետք է լինեին: Հարազատների դժգոհության հիմքը սա է բժշկի անտարբերությունից ու ոչ պատշաճ գործողություններից»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս