«Կարծես ինչ-որ մեկը նրան ասել էր՝ պիտի այնպես անես, որ Մերին մահանա». Մերի Մարգարյանի հայրը նոր մանրամասներ է ներկայացնում

Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրեց հուլիսի 23-ից մինչև 29-ը տեղի ունեցած դեպքերը.

«Հուլիսի 23-ից աղջիկս ջերմում էր, զանգահարել էր կնոջս և ասել, որ 37.8 տաքություն ունի, կինս անհանգստացել էր և ասել, որ միանգամից զանգի բժշկուհուն՝ Բախշյան Շուշանիկին: Զանգահարել էր, բժշկուհին ասել էր, որ 500 միլիգրամանոց պարացետամոլ խմի, ջերմությունը կիջնի, երևի վիրուս է, մի քանի օրից կանցնի: Մերին պարացետամոլը խմում է, բայց ջերմությունը չի իջնում: Երեկոյան գնացինք Մերիենց տուն, ջերմությունն արդեն 38-ից բարձր էր, ինքն իրեն վատ էր զգում: Էլի զանգեր եղան բժշկուհուն, նա նորից ասում էր, թե բան չկա:

Այդ օրը անհանգիստ վերադարձանք տուն: Հաջորդ օրն առավոտյան փեսաս ասաց, որ ջերմությունը 39.4 է եղել գիշերը, մենք շտապ գնացինք իրենց տուն, աղջիկս վատ էր արդեն, ասացի՝ միանգամից զանգեք ու գնանք հիվանդանոց: Բժշկուհու հետ Մերին համեստ էր խոսում, մենք խնդրեցինք, որ տանենք հիվանդանոց: Բժշկուհին հիվանդանոցում էր, ասաց՝ դե լավ եկեք: Ամսի 24-ին գնացինք հիվանդանոց, Մերիից անալիզներ վերցրին, ստուգեցին, ջերմությունը 38.5 էր այդ ժամանակ, բայց բժշկուհին ասաց՝ պաթոլոգիա չկա, չենք կարող պառկեցնել: Մենք մոտ 12 հոգով այնտեղ էինք: Այդ բժշկուհու նման կոպիտ անձնավորություն ես երբեք չեմ տեսել: Ինձ հեռու էին պահում, որ չխոսեի, բան չասեի բժշկուհուն, որն ասաց՝ 12 հոգով եկել եք, կարո՞ղ ա հարսանիք ա: Ես վրդովված էի, բայց ինձ զսպեցի: Հետո Մերիին ասաց՝ Մերի, լավ ես, մի հատ ուշքի արի, քեզ մի հատ հավաքի, էս ի՞նչ ես սարքել… այսպես, շատ կոպիտ էր իրեն պահում:

Վերադարձանք տուն, էլի 500 միլիգրամանոց պարացետամոլ էր նշանակել, որը խմեց, ջերմությունը մի քիչ իջավ, բայց գիշերը նորից վատացավ: Հաջորդ օրը բժշկուհին զանգերին էլ չէր պատասխանում: Մերիին համոզում էինք ուրիշ բժշկի մոտ գնալ, բայց նա համառորեն ուզում էր հենց այդ բժշկի մոտ գնալ, որովհետև հղիության սկզբից նրա մոտ էր եղել: Երկար զանգահարելուց հետո բժշկուհին հետ է զանգում, ցերեկը նոր թույլտվություն է տալիս, որ նորից կարող ենք դիմել հիվանդանոց: Ցերեկը գնացինք, մեզ բուժքույրերը ընդունեցին, բժիշկը տեղում չէր: Նորից անալիզներ վերցրին, իսկ Մերիի ջերմությունը չէր իջնում: Հերթապահ բժիշկն էլ էր անտարբեր ու իմ տեղեկություններով՝ իրենց մոտ եթե հիվանդը մի բժշկի մոտ է, իր սեփականությունն է, ոչ մի բժիշկ իրավունք չունի խառնվելու, մինչև այդ բժշկի կողմից իրավունք չստանա:

Կարդացեք նաև

Meri Margaryan1

Հետո այդ բժիշկն ասաց, թե կարող է կոկորդից լինի ջերմությունը, բայց կոկորդը նորմալ վիճակում էր, իսկ իր բուժումն էլի պարացետամոլն էր: Մենք ուզում էինք պառկեցնել՝ չպառկեցրին: Դուրս եկանք, առաջարկեցի գնալ Բաբլոյան կենտրոն, որտեղ կոկորդը հետազոտեցին ու ասացին, որ առողջ է: Այդ բժշկուհին ասաց՝ կոկորդի հետ կապված խնդիրներ չկան, գինեկոլոգը թող ուրիշ տեղ փնտրի:

Վերադառնում ենք տուն, Մերին ջերմում է: Կիրակի օրը նորից վատ էր զգում իրեն, բժշկուհին էլի տեղում չէր, քաղաքից դուրս էր գնացել: Նորից զանգում էինք՝ չէր պատասխանում: Հետո հետ զանգեց, կինս ասաց, որ պետք է տանենք պառկեցնենք: Պառկեցրին, երեկոյան ժամը 20:00-ի մոտ վիճակը մի փոքր կարգավորվեց, սնվեց, բայց գիշերը վատացավ: Կինս մնաց մոտը: Լուսադեմին՝ ժամը 05:00-ին մոտ, կինս զանգեց, ասաց, որ վիճակը վատ է: Ես ու փեսաս գնացինք ու այնտեղ մնացինք: Բժշկուհին այդպես էլ չէր եկել: Նա անվախ անձնավորություն է ու իր անվախությունը բերեց այս վիճակին: Այնպիսի վիճակ ստեղծվեց, որ կարծես ինչ-որ մեկը նրան ասել էր՝ պիտի այնպես անես, որ Մերին մահանա»:

Մերիի հայրը պատմեց նաև, որ երկուշաբթի առավոտյան բժշկուհին իր ժամին գնացել է աշխատանքի. «Կնոջս անպատվել էր՝ ասելով. «Դուք ձեր հիստերիկայով խանգարում եք այս ամեն ինչին»: Կինս խառնված էր ու բանի տեղ չէր դնում նրա կոպտությունը: Նա բոլորին կոպտում էր: Այդ աստիճանի կոպիտ բժշկուհի-գինեկոլոգ երբեք չեմ տեսել: Այդ հիվանդանոցն ինձ դուր չի եկել, բայց աղջիկս վստահում էր բժշկուհուն: Հավաքված բժիշկներից մեկը, ասես, իմիջիայլոց մտածելով, ասաց՝ կարծես արյան զեղում կա մոտը, որովհետև պահվածքն արդեն ադեկվատ չէր: Իսկ Շուշանիկը մինչև հիմա ասում է, թե ամեն ինչ լավ էր: Երբ ասացին, որ հնարավոր է արյան զեղում լինի, ասացին նաև, որ «կատե» անելու հնարավորություն չունեն, ուր ուզում ենք տանենք: Որոշեցինք տանել «Էրեբունի», որովհետև շատ ծանոթներ ունենք: «Էրեբունի» հասանք ժամը 16:30-ին: Այնտեղ արագ ստուգումներ անցկացրին ու տարան կեսարյան վիրահատության: Ժամը 17:30-ին վիրահատեցին, բժիշկ Անդրանիկ Պողոսյանն ասաց, որ վիճակը ծայրահեղ ծանր է, երեխան էլ արհեստական շնչառություն էր ստանում: Հուլիսի 27-ից 29-ը այնտեղ էինք, հույս ունեինք, որ կապաքինվի: «Էրեբունիում» շատ բարձր մակարդակի սպասարկում էր, ասում էին, որ եթե շուտ բերեիք, նման բան չէր լինի: Բժիշկն ասաց, որ վայրկյանների հարց էր նրան փրկելը: Դատաբժշկական փորձաքննությունը միայն երկկողմանի թոքաբուրբ ցույց տվեց, նույնը ցույց էր տվել նաև երեխայի մոտ: Իսկ «Շենգավիթում» ասում էին, թե ոչինչ չկա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս