«Դուք այսօր կառուցում եք ավելի բարձրորակ և սեյսմակայուն շենքեր». Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ և աշխատանքային հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ շինարարության ոլորտը Հայաստանում առանձնահատուկ ընկալում ունի և պատահական չէ, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն դարձրել է ավանդական՝ փաստելով, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը: «Անցյալ դարի փայլուն վարպետների փորձն ու հմտությունները համադրելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներին՝ դուք այսօր կառուցում եք ավելի բարձրորակ և սեյսմակայուն շենքեր: Ցանկանում եմ ուրախությամբ ընդգծել, որ հայկական ժամանակակից շինարարությունը շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթները՝ այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հիրավի հպարտանում ենք: Նորանկախ Հայաստանում ձեր շնորհիվ զարգացել են նաև շինարարական տեխնոլոգիաները, ինչը մեր շենքերի ամրության գրավականն է»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ հայ շինարարը կառուցել է նաև երկրի համար դժվարին ժամանակներում և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս շինարարները կշարունակեն աշխատել նույն սիրով և եռանդով, քանի որ հայ շինարարը ոչ միայն քարը քարի վրա դնողն է, այլև ազգային արժեքների և ավանդույթների փոխանցողը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այսօր նոր նախագծերով և ծրագրերով նպատակաուղղված ջանքեր է գործադրում երկրում շինարարության ոլորտը զարգացնելու, շինարարական կազմակերպություններին և կառուցապատող ընկերություններին աջակցելու նպատակով՝ նախատեսելով հիփոթեկային վարկերի միջոցով խրախուսման մեխանիզմներ: «Արդեն իսկ ձեզ են սպասում ներդրումային քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում՝ «Հին Երևանը», «Ֆիրդուսի» թաղամասը, ինչպես նաև բազմաթիվ ուշագրավ նախագծեր հանրապետության մարզերում՝ ենթակառուցվածքների, դպրոցաշինության, առողջապահության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Հայաստանի շինարարների միության պատվավոր անդամ Վովա Մարգարյանը և «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել «Գոհարիկ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ վարչության նախագահ Արամայիս Որսկանյանը, նախագծի գլխավոր կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանը: