
Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում

2015թ. հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 4.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով: Ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0.1%-ով:
2015թ. հուլիսին, 2014թ. հուլիսի համեմատ, սպառողական գները բարձրացել են 4.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 2.8%, ոչ պարենային ապրանքներինը` 6.5%, ծառայությունների սակագներինը` 3.6%, իսկ հունվար-հուլիսին 2014թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 5.0%, 5.2%, 5.8% և 3.7%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հուլիսին, հունիսի համեմատ, սպառողական գները նվազել են 3.3-1.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 2.1%-ով: