«2015թ. երկրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, առաջին եռամսյակի համեմատ, 809 դրամով նվազել է»
ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց անցած յոթ ամիսների ընթացքում ՀՀ սպառողական շուկայում գրանցված գների փոփոխությունները :
«2015թ. հունվարին արձանագրված 2.5 % բարձր գնաճից հետո՝ փետրվարից մինչ օրս, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվում է գների նվազման միտում: Հունիսին, մայիսի համեմատ, գնանկումը կազմել է 1.4%, իսկ հուլիսին, հունիսի համեմատ, գնանկնումն ավելի խորն է՝ 2.2%: 2015թ. հուլիսին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում 2.2%-ով:
2015թ. հուլիսին, 2015թ. հունիսի համեմատ, ընդհանուր 2.2% գնանկման պարագայում պարենային ապրանքների գները նվազել են 4.6%-ով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.7%-ով, ծառայությունների գները նույնպես ունեցել են նվազման միտում՝ 0.1%-ով:
Դիտարկվող 13 ապրանքախմբերից 11-ում արձանագրվել է գների նվազում` 29.1-0.2%: Մեկ ապրանքախմբում արձանագրվել է գնաճ, մեկ ապրանքախմբում գները մնացել են անփոփոխ:
Խորը գնանկում է արձանագրվել միրգ ապրանքախմբում՝ 29.1%: Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում գնանկումը կազմել է 10.7%: Ձվի գինը նվազել է 5.3%-ով: Գնանկում է արձանագրվել հացամթերքի գծով՝ 0.3%, մսամթերք՝ 0.7%, ձկնամթերք՝ 0.4%, կենդանական, բուսական յուղի գները նվազել են 0.2%-ով, շաքարավազինը՝ 2.5%-ով, իսկ սուրճ, թեյ, կակաոյինը՝ 0.2%:
Գնաճ է արձանագրվել հրուշակեղենի գծով՝ 0.3%-ով և անփոփոխ են մնացել ոչ ոգելից խմիչքի գները: Ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով»:
Գ. Մարտիրոսյանը նշեց, որ 2015թ. հուլիսին, 2014 թ. հուլիսի համեմատ, սպառողական գներն աճել են 4.2%-ով. «Պարենային ապրանքների գնաճը կազմել է 2.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 6.5%-ով, ծառայություններինը՝ 3.6%: Նշված ժամանակահատվածում գների նվազում է գրանցվել միայն ձկնամթերք ապրանքային խմբում՝ 12.8%, կենդանական, բուսական յուղինը՝ 2.5%, մրգի գինը նվազել է 11.1%-ով: Մնացած պարենային ապրանքախմբերում, 12 –ամսյա պարբերականությամբ, արձանագրվել է գնաճ»:
Բանախոսը նկատեց՝ եթե միջին աշխատավարձը 2015թ. հունվար-հունիսին աճել է 10.85-ով, ապա գները, նշված ժամանակահատվածում, աճել են 5.1%-ով. «Հասկանալի է, որ միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը ավելի առաջանցիկ է, քան գնաճը: Պայմանավորված նվազագույն սպառողական զամբյուղի մեջ ընդգրկված որոշակի պարենամթերքի գների նվազմամբ՝ 2015թ. երկրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը առաջին եռամսյակի համեմատ՝ 809 դրամով նվազել է: Առաջին եռամսյակի 60 հազար 397 դրամի փոխարեն՝ երկրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 59 հազար 588 դրամ»: