«Երեկ հանդիպում ենք ունեցել Մերի Մարգարյանի հոր հետ». Ս. Խաչատրյան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօրվա ասուլիսն անդրադարձավ նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքին.

«Մեր գործողությունները սկսվում են ոչ թե այն ժամանակ, երբ մահվան դեպքը արդեն գրանցվում է, այլ ծանր վիճակի գրանցման պահին տեղեկանում ենք մեր ծննդօգնության սպասարկում իրականացնող հաստատություններից դեպքերի մասին, և իրականացնում անհրաժեշտ միջոցառումներ: Տվյալ դեպքում էլ ծանոթ էինք իրավիճակին, նույնիսկ գիշերը՝ շատ ուշ, տեղեկացանք, որ կյանքի ցուցանիշների որոշակի լավացում է տեղի ունեցել և շատ ուրախացանք, բայց, ցավոք սրտի, առավոտյան գրանցվեց հղիի մահը, իսկ դրանից հետո՝ նորածնի մահը»:

Ս. Խաչատրյանը նշեց, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքի ժամանակ ԱՆ-ն կազմավորում է հանձնաժողով, որը կազմված է լինում հանրապետության լավագույն մասնագետներից, գիտնականներից, որոնք իրականացնում են հետազոտություն՝ տվյալ դեպքի վերաբերյալ.

«ԱՆ խնդիրը, այս պարագայում, անաչառ և բաց ուսումնասիրություն իրականացնելն է: Հաշվի առնելով, որ այդ բոլոր դեպքերը գտնվում են քնչական մարմինների վարույթի ներքո, մենք ունենք սահմանափակումներ՝ այս առումով. Կարողանում ենք գործընթացներն իրականացնել առկա փաստաթղթերի վրա և աշխատանքների արդյունքում ներկայացնում ենք զուտ մասնագիտական կարծիք՝ հիմնված այն նյութերի վրա, որոնց տիրապետում ենք: Արդեն կա նախարարի հրամանը և իրականացվում է տվյալների հավաքագրում:

Մեր նպատակն է վերհանել բուժման ընթացքում բացթողումներ կամ կազմակերպչական թերություններ, որոնք կարող էին դառնալ մահվան պատճառ: Մինչև հիվանդի հղիության առաջին օրվանից մինչև մահվան առաջացման պատճառը մանրամասն չվերլուծվի, վերջնական եզրակացությունների գալ չենք կարող: Այս գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ»:

Նա նաև նշեց, որ երեկ հանդիպում են ունեցել Մերի Մարգարյանի հոր հետ և նախարարն առաջարկել է, որ իրենց ներկայացուցչի հետ մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին. «Հայրը մեր հանդեպ մեծ վստահություն է ցուցաբերել, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է առաջացնում»:

 

Տեսանյութեր

Լրահոս