Հարավային ռազմական օկրուգի ռուս հետախույզները Հայաստանում յուրացնում են արագ հրաձգության հիմունքները

Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները Հայաստանում սովորում են արագ հրաձգության հիմունքները, տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ իրականացվում է արագ հրաձգության հատուկ դասընթաց: Կրակային պատրաստության հատուկ դասընթացին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հատուկ դասընթացի տեսական մասի ընթացքում դրա մասնակիցները կուսումնասիրեն արագ հրաձգության ժամանակ զենքի հետ վարվելու տեխնիկան, ճշգրտումների հաշվարկը, նշանառության ու  «ԱԿ-74» ինքնաձիգից կրակելու կանոնները:

Մամլո ծառայության հաղորդմամբ՝ ուսուցումը կկատարվի պառկած, կանգնած ու ծնկի եկած դիրքերում: Զինծառայողները կսովորեն զենքը պահել աջ ու ձախ դաստակով, ճիշտ նշան բռնել, լիցքավորել ինքնաձիգն ու արագ կրակ բացել տարբեր թիրախների ուղղությամբ: Մարտի դաշտում հետախույզները կսովորեն գաղտնի տեղաշարժվել, շարժման ընթացքում կրակել:

Բացի հատուկ վարժանքներից՝ հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները կկատարեն տակտիկական, ինժեներական, բժշկական խնդիրներ:
Նշվում է նաև, որ հատուկ դասընթացի վերջում հետախույզները նորմատիվներ պետք է հանձնեն մարտական պատրաստականության հիմնական առարկաներից:

Տեսանյութեր

Լրահոս