Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է Նինոցմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը. ՍԱՊԾ-ն՝ Սիբիրյան խոց արձանագրվելու վերաբերյալ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 4-ին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն է ստացել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ: Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն Արմավիրի մարզային կենտրոնի պատասխանատուների հետ անմիջապես այցելել են Արտամեդ համայնք և իրականացված միոցառումների արդյունքում պարզել, որ հոսպիտալացված անձանցից մեկը հուլիսի 27-ին Վրաստանի Նինոցմինդա տարածաշրջանում է ձեռքբերել կասկածելի միսը և անձնական օգտագործման նպատակով իր հետ տեղափոխել հանրապետություն:

Մսեղիքը չի վաճառվել, այն հայտնաբերվել է Նինոցմինդայից տեղափոխողի և իր հարևանի տանը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները մսեղիքն ամբողջությամբ ուղարկել են լաբորատոր հետազոտության:

Իսկ մսեղիքի հետ սառնարանում պահպանվող կամ շփում ունեցող սննդամթերքն ամբողջությամբ ոչնչացվել է, միաժամանակ՝ տարածքն ու մսեղիքի մշակման պարագաներն ամբողջությամբ ախտահանվել: ՍԱՊԾ մասնագետները շարունակում են մարզում անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս հորդորում է սպառողներին մսամթերք ձեռք բերել միայն դրա համար նախատեսած իրացման վայրերից և ձեռնպահ մնալ անվստահելի աղբյուրից, առանց անասնաբուժական փաստաթղթերի առկայության կամ բակային պայմաններում միս գնելուց:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս