Բաժիններ՝

Թուրքիայում տիրող իրավիճակի պատճառով դեպի Արևմտյան Հայաստան զբոսաշրջիկների թիվը կրճատվել է. գործակալություններ. Tert.am

Դեպի Արևմտյան Հայաստան մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ այդ երկրում տիրող իրավիճակի՝ մասնավորապես, ահաբեկչական և պատերազմական գործողությունների պատճառով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել են դեպի Արևմտյան Հայաստան տուրիստական այց կազմակերպող մի քանի գործակալություններ։

Դրանց ներկայացուցիչները հիմնականում նշեցին, որ տուրօպերատորները կա՛մ հետաձգել են իրադարձությունների էպիկենտրոնին առավել մոտ գտնվող տարածքների այցելությունները, կա՛մ հորդորել զբոսաշրջիկներին որոշ ժամանակ սպասել:

Գործակալություններից մեկի աշխատակիցը նշել է, որ քաղաքացիների շրջանում որոշակի վախ ու խուճապ կա հատկապես այն երթուղիների նկատմամբ, որոնք առավել մոտ են պայթյունավտանգ տարածքներին՝ խոսքը մասնավորապես Դիարբեքիրի մասին է:

«Որոշակի երթուղիներ ժամանակավորապես դադարեցրել ենք: Այս պահին հիմնական երթուղին դեպի Անի, Վան քաղաքներն են, որոնք բավական հեռու են Դիարբեքիրից և ոչ մի սպառնալիք չկա մարդկանց համար: Այս պահին ևս խումբ ունենք Արևմտյան Հայաստանում և ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, թե որտեղ են նրանք և ինչ վիճակում»,-ասել է նա:

Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիան հարվածներ էր հասցրել Սիրիայում «Իսլամական պետության», իսկ Իրաքում՝ Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի ճամբարին: Դրանից հետո Թուրքիայում քրդերի ու թուրք զինվորականների միջև բախումները նոր թափ են ստացել։

Գործակալություններից մեկից էլ նշել է, որ իրենք ներկա շրջանում ինքնակամ հրաժարվել են քաղաքացիներին Թուրքիա ուղարկելուց, քանի որ վստահ չեն, որ կկարողանան երաշխավորել նրանց անվտանգությունը:

«Սպասում ենք մինչև իրավիճակը կարգավորվի և ինքներս էլ հորդորում ենք քաղաքացիներին որոշակի ժամանակ սպասել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս