«ԵՏՄ-ից սպասումները չեն արդարացել». Սուրեն Բեկիրսկի
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մանածագործական և հագուստի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների աճ է արձանագրվել: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ գորգերի և գորգեղենի արտադրությունն աճել է մոտ 19%-ով (2015 թ. հունվար-հունիսին կազմելով 23.7 տոննա), գուլպեղենը՝ 37.6% (կազմելով 3 մլն 356.6 հազար զույգ), տրիկոտաժեղենը՝ 53.9% (1 մլն 732 հազար հատ): Միայն բամբակյա գործվածքների արտադրության գծով գրանցվել է 48.2% անկում, սակայն այս ցուցանիշը ծավալային առումով մեծ չէ՝ 4.2 տոննա:
168.am-ը ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկիից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում այս աճը, սակայն նա նշեց, որ ոլորտում աճ չի տեսնում:
«Այն աճը, որը ենթադրվում էր, թե արձանագրվելու է ԵՏՄ մտնելու հետ կապված, դեռ չի ստացվում, ուշանում է, բայց կլինի: Ռուսաստանի շուկայի մասնակիցները բավականին աշխույժ հարցումներ են անում, ուղղակի մի բան է հարցնելը, մի բան է կոնկրետ քայլեր անելը: Ամեն դեպքում հարցերը շատացել են, որակական տարբերություն էլ կա, բայց կոնկրետ քայլերը լուրջ բիզնեսում դեռ չկան»,- ասաց Ս. Բեկիրսկին:
Ըստ նրա, թեև նախկինում էլ ուրախ չէր, այժմ բավականին տխուր է դարձել նաև ներքին շուկան: Ս. Բեկիրսկին նշեց, որ անցած տարվա համեմատ 5-10% թանկացում է գրանցվել, որը պայմանավորված է տարադրամի արժևորման հետ, ինչ-որ չափով նաև հումքի մատակարարները, ունենալով մեծ խնդիրներ ՌԴ-ում, ծավալների նվազման են գնում և իրենց ապրանքը թանկանում է:
«Աշխատում ենք ապրանքը չթանկացնել, միայն այն դեպքում ենք գնում այդ քայլին, երբ օբյեկտիվ է: Ոլորտում մրցակցությունն ուժեղ է և ցանկացած թանկացում միանգամից խփում է սպառողին: Այս տարի նաև կորպորատիվ պատվիրատուներն են խեղճացել նախորդ ժամանակաշրջանի համեմատ»,- ասաց միության համանախագահը:
Նրա խոսքով՝ ՀՀ արտադրողների համար դժվարմատչելի է նաև դեպի երրորդ երկրներ արտահանումը. «Մի քանի մանր քայլեր ձեռնարկել ենք՝ Էստոնիա և այլ ուղղությամբ, բայց մեծ չեն, փորձնական են, ծավալ չի ապահովվում: Տեսնենք, օգոստոսին Ֆրանսիայից ենք հյուրեր սպասում, գուցե լուրջ ծրագրեր լինեն»: