«Պետք է նստենք սեղանի շուրջ և միասին քննարկենք առկա խնդիրները և փորձենք միասնական լուծում տալ դրանց». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային հարցերից անցնելուց առաջ վարչապետ Աբրահամյանը դիմելով խորհրդի անդամներին՝ նշել է, որ այս տարի ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս՝ ազգայնացնելով Հազարամյակի զարգացման նպատակները, ակտիվորեն ձեռնամուխ է եղել դրանց իրականացմանը՝ արձանագրելով զգալի առաջընթաց: «Այս ընթացքում՝ 2012 թվականին, կայացավ «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովը, որն ընդունեց «Ապագան, որ մենք ուզում ենք» եզրափակիչ փաստաթուղթը՝ հիմք դնելով Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և այս ամենի ընդգրկմամբ մի նոր համապարփակ փաստաթղթի նախապատրաստմանը: Հանդիսանալով բանակցային երկար գործընթացի արդյունք՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգ» փաստաթուղթն իր մեջ ներառել է Կայուն զարգացման նպատակները, դրանց իրականացման եղանակներն ու միջոցները, ընդհանուր առմամբ` 17 նպատակ և 169 թիրախ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս տարի ամփոփելով Հազարամյակի զարգացման 8 նպատակների կատարողականը, Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունների հետ, ձեռնամուխ կլինի ավելի հավակնոտ և ընդգրկուն ծրագրի՝ կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը ևս պատրաստակամ է այս տարվա սեպտեմբերին, դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել կատարմանը:

«Այս առումով մեր խորհուրդն ունենալու է մեծածավալ աշխատանքի դաշտ՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգը» Հայաստանի կարիքներին համապատասխան տեղայնացնելու և իրականացնելու համար»,- ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է իշխանությունների, Քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և նշել, որ այսօր առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն համագործակցության արդյունքում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է կառավարության և հասարակության հանդուրժողական և համերաշխ համագործակցությունը՝ մեր երկրի կայուն զարգացման գործում: «Պետք է նստենք սեղանի շուրջ և միասին քննարկենք առկա խնդիրները և փորձենք միասնական լուծում տալ դրանց: Դա է լուծում գտնելու սահմանադրական միակ ճանապարհը»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Այնուհետև խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնառությունների իրականացման գործընթացը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ համակարգել ՄԱԿ-ի 2015 թվականի սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովի համար անհրաժեշտ Հազարամյակի զարգացման նպատակների կատարման Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման աշխատանքները: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարել է վարչապետին ներկայացնել «2013 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1147N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծ, «Հետ Ռիո+20» գործընթացը կանոնակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբն անվանափոխելու և դրա աշխատանքները «Հետ 2015» օրակարգի կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցնելու համար:

Օրակարգի հաջորդ հարցով խորհրդին է ներկայացվել «ՄԱԿ-ի զարգացման օրակարգ. Հետ-2015» գործընթացը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ րակարգը կմեկնարկի 2015թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: ՄԱԿ-ում անցկացվում են օրակարգի ձևավորման վերաբերյալ ոչ պաշտոնական խորհրդակցություններ: Բանակցույթյունները հիմնականում տարվում են ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից` խոշոր խմբերի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ներգրավմամբ: Զեկուցվել է, որ օրակարգի ձևավորման ուղղությամբ եղել են բազմաթիվ առաջարկներ, որոնք պետք է համադրի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ներկայացնի մեկ ամբողջական զեկույց մինչ ս.թ. սեպտեմբերին կայանալիք բարձրաստիճան հանդիպումը` որպես հիմք միջկառավարական բանակցությունների համար:

Նիստի ընթացքում ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է տիկին Դանիելյանին վեընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

 

Տեսանյութեր

Լրահոս