Մեր նպատակն է հեշտացնել ընդունելությունը, դժվարացնել ավարտելը. Արմեն Աշոտյան. «Արմենպրես»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն գոհ է 2015 թվականի ընդունելության գործընթացից: Նախարարի խոսքով` թեպետ նախարարությունն ուղղակի պատասխանատու չէ ընդունելության քննությունների կազմակերպման և անցկացման համար, բայց ավանդաբար իր աչքը պահում է գործընթացի վրա: «Արմենպրես»-ը ներկայացնում է այս տարվա ընդունելության և այլ հարցերի շուրջ Արմեն Աշոտյանի հետ ունեցած հարցազրույցը:
Ընդունելության քննությունները` բացառապես կրթական գործընթաց
Ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս ընդունելության քննություններն անցան որպես բացառապես կրթական գործընթաց` չհարուցելով հասարակության ավելորդ, իսկ նախորդ տարիներին` նաև հիվանդագին դրսևորումները: Անգամ ամենակոշտ լրատվական դաշտից արվում էին դժգոհ հարցադրումներ, թե այս տարի գրելու բան չկա: Եվ սա երևի թե ամենալավ գնահատականն է մեր աշխատանքին: Այս տարվա ընդունելությունը շարունակեց նախորդ տարիներին ամրագրված ձեռքբերումների շարքը և անցավ բացառապես որպես կրթական, լավ կազմակերպված, բովանդակային և վարչական առումով գրեթե անթերի, իսկ արդյունքների մասով` գոհացուցիչ: Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք հնարավորություն ստեղծենք մեր երեխաների համար բացահայտել իրենց գիտելիքները, նվազեցնել սուբյեկտիվությունը, կոռուպցիոն ռիսկերը և հանրային ուշադրությունը սևեռել գործընթացի վրա բացառապես որպես կրթական բարեփոխումների շրջանակում իրականացված ևս մեկ դրական քայլ, որի արդյունքը կայուն է: Այնպես չէ, որ միայն այս տարի է այդպես անցել: Ընդունելության քննությունները բացառապես դարձել են ընթացիկ գործառույթ և ոչ թե ամառվա տապին մեր հասարակությանը գրգռող խնդիր, որն իր սրությամբ ժամանակին միայն զիջում էր ընտրական գործընթացներին:
Շահարկվում էր դիմորդների և տեղերի քանակի թեման
Նորից կրկնեմ` մենք դիտավորյալ ենք տալիս ավելի շատ տեղեր, քան կանխատեսում ենք դիմորդներ, որովհետև այդ հոգեբանական հնարքը աշխատեց դեռ տարիներ առաջ, երբ իրականացվեց իմ առաջարկությամբ, և ծնողները տեսան, որ եթե իրենց երեխան դրական ստանա, անպայման կընդունվի: Փոքրացնել տեղերի թիվը չի նշանակում միայն հարվածել բուհերին, այլև նշանակում է արհեստական լարվածություն ստեղծել` խթանելով կոռուպցիոն դրսևորումները: Տեղերի ավելացումը թույլ է տալիս լավ երեխաներին ընդունվել, և բուհերում գործընթացը կազմակերպելիս կերևա` ով դուրս կմնա, ով կավարտի:
Մուտքը դեպի բուհ պետք է թեթև լինի, ելքը` դժվար
Մենք տալիս ենք ազատ մուտքի հնարավորություն: Իրականում մուտքը դեպի բուհ պետք է մաքսիմալ թեթևանա, կարևորը, որ դժվարանա ելքը: Մեր բանաձևը հետևյալն էր` հեշտացնել ընդունելությունը, դժվարացնել ավարտելը: Գործի առաջին կեսն արել ենք` հեշտացրել ենք ընդունելությունը, հիմա շատ կարևոր է ավարտական քննությունների փուլը: Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ բուհերից շատերը միջազգայնացման, հավատարմագրումների շնորհիվ ճիշտ ճանապարհի վրա են:
Հեղինակ` Ռոզա Գրիգորյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: