Ինչ են խոսել Արա Բուդաղյանն ու Վիտալի Մինասյանը, ինչո՞ւ է Արան նրան գումար տվել. պարզաբանում է փաստաբանը
Սյունիքի մարպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի մեղադրանքը հիմք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ Արա Բուդաղյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են, սակայն դրանցում չկա մի հատված, մի բառ, որից կարելի է ենթադրել, որ նման կասկածանքի տեղիք կա:
Փաստաբանը հրապարակեց իր վերաքննիչ բողոքի հատվածը, որում ներկայացված է Արա Բուդաղյանի և գործով մյուս մեղադրյալ Վիտալի Մինասյանի խոսակցությունը: Ըստ նրա՝ Վիտալի Մինասյանը զանգահարել է Արա Բուդաղյանին: Հայկ Ալումյանի խոսքով՝ Արա Բուդաղյանը Վիտալի Մինասյանին 200 գումար է պարտք տվել՝ մոր 60-ամյակը նշելու համար: Հայկ Ալումյանը, մեջբերելով իր վերաքննիչ բողոքից մի հատված, նշեց, որ խոսակցություններից մեկը հետևյալի մասին է.
Վիտալի.- Ախպեր, Վիտոն է:
Արա.- Հա, հա:
Վիտալի.- Ընգեր, էդ փողի համար եմ զանգել, ընգեր, կներես էլի, ամսվա վերջ ա ստացվում:
Արա.- Ամսվա վե՞րջ:
Վիտալի.- Հա:
Արա.- Դե ամսվա վերջ նենց կանես, որ ըլնի էլի:
Վիտալի.- Հա էլի, պրոստը դե, մի քիչ նեղն եմ, բան, ասեցի զանգեմ, ասեմ, որ հանկարծ բան չանես:
Արա.- Դե լավ, դե ամսվա վերջ էլի, մի օր ա էլի, բան կանես:
Վիտալի.- Հա:
Արա.- Կբարձրանաս միանգամից, կվերցնես, կբարձրանաս:
Վիտալի.- Եղավ:
Ըստ Հայկ Ալումյանի՝ մեկ այլ խոսակցության մեջ նշվում է հետևյալը:
Վիտալի.- Եկե՞լ ես:
Արա.- Չէ, հեսա: Քո՞ համարդ է, որ գամ, զանգեմ:
Վիտալի.- Հա:
Արա.- Լավ
Հաջորդ օրվա խոսակցությունն էլ, ըստ Հայկ Ալումյանի, հետևյալի մասին է:
Վիտալի.- Ո՞նց ես:
Արա.- Ոչինչ:
Վիտալի.- Էն փողը հետ տամ քեզ, ես տեղ պիտի գնամ, ե՞րբ բերեմ:
Արա.- Էսօր:
Վիտալի.- Ո՞ր ժամին:
Արա.- 7-ին:
Վիտալի.- Օֆիսում ե՞ս լինելու:
Արա.- Հա: