«Տիգրան Խաչատրյանը ոչ Մուշեղ, ոչ Հարություն Զաքարյաններին մատով անգամ չի կպել, անգամ փորձել է այդ քաշքշուկն ինքը կանխել». փաստաբանը՝ «Սդղի գյոլի» միջադեպի մասին

Այսօր Սյունիքի մարզպետ, Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր Տ. Խաչատրյանը, իսկ այսօր նա Քննչական կոմիտեի շենք էր տեղափոխվել ձեռնաշղթաներով և դիմակավորված ջոկատայինների ուղեկցությամբ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի՝ Տ.Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Առաջադրված մեղադրանքի շուրջ Տիգրան Խաչատրյանը ցուցմունք է տվել, դիրքորոշում հայտնել, իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր ՀՀ Քննչական կոմիտեի շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:

«Եվ հետո, երբ դուք ինքներդ հնարավորություն ունենաք ծանոթանալ այս ամեն ինչին, կտեսնեք, որ այս ամեն ինչը սարքած, շինծու մեղադրանք է՝ կոնկրետ Տիգրան Խաչատրյանի դեմ ուղղված»,- ասաց նա:

«Ձեզ միանշանակ ասում եմ, որ Տիգրան Խաչատրյանը ոչ Մուշեղ, ոչ Հարություն Զաքարյաններին մատով անգամ չի կպել, անգամ փորձել է այդ քաշքշուկն ինքը կանխել, հրել այնտեղ մասնակիցներին, ովքեր վիճաբանել են նրանց հետ: Բայց նաև ուզում եմ, որպեսզի մեր երկրում գտնվեն այնպիսի փաստաբաններ, որոնք կարողանան մեդալը երկու կողմով ցույց տալ, ներկայացնեն մեդալի երկու կողմերը: Բա այս կողմից էլ վնասվածքներ ստացածներ կան»,- ավելացրեց փաստաբանը՝ նշելով, որ մարմնական վնասվածքներ ունեն Յուրա, Դերո անունով անձինք:

Մինչ ձերբակալվելը Տիգրան Խաչատրյանն առերեսվել էր տուժող Հարություն Զաքարյանի հետ: Հարցին՝ արդյոք Հարություն Զաքարյանը նշել է, որ Տիգրան Խաչատրյա՞նն է իրեն ծանր վնասվածք հասցրել, Արմեն Մելքոնյանը պատասխանեց.
«Այո, Հարություն Զաքարյանը երեք ամիս, չգիտես՝ ինչու, չէր հիշում, թե իրեն մարմնական վնասվածքն ով է պատճառել: Երեք ամիս Հարություն Զաքարյանի հարազատները Հայաստանի բոլոր մամուլներոով ասում էին, որ ուղղակի Տիգրանը ներկա է գտնվել: Հանկարծ այդ օրը պայծառացավ իրենց հիշողությունը, և հիշեցին, որ այդ հարվածը հասցրել է Տիգրան Խաչատրյանը: Կարծում եմ՝ ցանկացած բանական մարդ, որ մի փոքր տրամաբանություն ունի, կհասկանա, որ սա ուղղակի ուղղորդված, սովորեցրած, չգիտեմ՝ ինչ-որ վարժություն էր»:

Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Փաստաբանը, սակայն, նշեց, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան. «3 ամիս է՝ նախաքննություն է իրականացվում, 3 ամսվա ընթացքում երբ կանչել են՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացել է, և որևիցե հիմք չունեն, որպեսզի Տիգրան Խաչատրյանին կալանքի վերցնեն: Չգիտեմ, տեսնենք: Հույս ունենանք, որ դատարանը գոնե կգտնվի իր բարձրության վրա: Համապատասխան միջնորդությամբ մենք հանդես կգանք»:

Հիշեցնենք, որ այսօր Տ. Խաչատրյանին Քննչական կոմիտե ուղեկցելիս լրագրողներն այնտեղ հանդիպել էին նրա հորը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային:

Տեսանյութեր

Լրահոս