Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի սահմանադրական բարեփոխումները Հայաստանում ցնցումներ չառաջացնեն. Կռիլով

«Մոսկվայի համար Հայաստանում նախատեսվող սահմանադրական բարեփոխումները Հայաստանի ներքաղաքական խնդիրն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովն` անդրադառնալով Հայաստանում նախատեսվող սահմանադրական բարեփոխումներին և դրա նկատմամբ ՌԴ իշխանությունների վերաբերմունքին:

Կռիլովն ասաց, որ Մոսկվան այդ հարցը դիտարկում է, որպես Հայաստանի ներքաղաքական հարց: Նա մեկ այլ հանգամանք ևս շեշտեց, որ չի հանդիպել տեղեկության, համաձայն որի՝ ռուսաստանցի փորձագետներ են ներգրավվել սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագծի վրա կատարված աշխատանքներում: Սակայն հիշեցրեց, որ բարեփոխումները արժանացել են Վենետիկյան հանձնաժողովի  հավանությանը:

Նրա մեջբերմամբ` Վենետիկյան հանձնաժողովն ընդգծել է. «…թեև փաստաթուղթը հիմնված է իրավական համակարգային վերլուծության վրա,  այլընտրանքներն, ինչպես կառավարման խորհրդարանական համակարգը, պարունակում են քաղաքական բաղադրիչ, որոնք պետք է լայնորեն քննարկվեն երկրի ներսում…»:

Ըստ Կռիլովի` հետաքրքրական է մեկ այլ ձևակերպում ևս. «…մարդիկ, ովքեր մինչ այսօր սովոր էին Հանրապետության նախագահի ուղիղ ընտրությանը, կարող են իրենց համարել ձայնի իրավունքից զուրկ: Եթե նման փոփոխություն մտցվի, ապա ընտրազանգվածը և քաղաքացիական հանրությունը պետք է պատճառների մասին հարիր կերպով տեղեկացվեն»:

Կարդացեք նաև

«Հայտնի է, որ Հայաստանի շատ ընդդիմադիր գործիչներ  իշխանությունների նախաձեռնած գործընթացը գնահատում են որպես  ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին իշխանության գլխին պահելուն ուղղված փորձ: Այս իրավիճակում Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի բարեփոխումները Հայաստանում ցնցումներ չառաջացնեն և  նպաստեն Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական հաջող զարգացմանը: Դա օգտակար կլինի մեր երկկողմանի հարաբերությունների համար և կփաստի Մոսկվայի կողմից հետսովետական տարածքում իրականացվող ինտեգրացիոն պրոյեկտների կենսունակությունը»,- ասաց Կռիլովը:

Առաջարկում ենք հարցազրույցի մանրամասներին ծանոթանալ քիչ ուշ:

Տեսանյութեր

Լրահոս