Ֆուտբոլը՝ ծաղրանկարներում. ո՞վ է ամբողջ մարզաշխարհը ծաղրող երիտասարդը
Ցանկացած իրադարձություն և երևույթ խոսքի միջոցով կարելի է շատ հեշտ բացատրել: Բայց այս աշխարհում կա մեկը, ով նախընտրում է մարդկանց գլուխները չլցնել երկար նախադասություններով, այլ ստեղծում է պատկերներ, որոնք ավելին են ասում, քան խոսքը: Ծանոթացեք, Օմար Մոմանի, ֆուտբոլի մեծ երկրպագու և ծաղրանկարիչ:
Համացանցային տիրույթում կարելի է տեսնել հազարավոր մեմեր և հումորային նկարներ, որոնց հեղինակները ֆուտբոլի երկրպագուներ են, բայց դրանցից և ոչ մեկը չի կարող մրցել Օմար Մոմանիի ստեղծած նկարների հետ:
Մեր այսօրվա հերոսն Աման քաղաքի բնակիչ է, ով մանկուց երազում էր ֆուտբոլիստի կարիերայի մասին: Ֆուտբոլիստի մասնագիտությունը նրա համար չէր ստեղծված, և նա որոշեց չհեռանալ ֆուտբոլից՝ թեկուզ նկարների միջոցով:
Սկզբնական շրջանում Մոմանիի մտքով չէր էլ անցնում պատկերել իր սիրելի ֆուտբոլիստներին: Նա անում էր ամեն բան նոր մուլտհերոսներ պատրաստելու համար: Հաջողությունն այս ասպարեզում նույնպես այնքան էլ մեծ չէր. նրա հերոսները մի փոքր տարօրինակ էին: Մուլտաշխարհում նրա միակ հաջողությունը Աստերիքսի կերպարն ամբողջացնելն էր:
Ֆուտբոլային առաջին ծաղրանկարներից հետո Մոմանին իր արտասովոր կերպարները սկսեց հրապարակել սոցիալական կայքերում. Հաջողությունն աննախադեպ էր: Մի քանի նկարից հետո Մոմանիին աշխատանքային բացառիկ պայմանագիր առաջարկեց աշխարհահռչակ goal.com կայքը, ու, եթե առաջ Մոմանիի նկարները տեսնում էին մի քանի շաբաթը մեկ, ապա այժմ կայքի Cartoon of the Day բաժնում ամեն օր հանդիպում ենք ինչ-որ նորության առավել խարիզմատիկ պատկերի:
Ֆուտբոլային աշխարհում նման հաջողությունը Մոմանիին հետ չի կանգնեցնում իր նախնական երազանքից: Այժմ նույնպես նա աշխատում է մուլտհերոսներ ստեղծելու ուղղությամբ: Նրան անգամ առաջարկել են աշխատել արաբական մի շարք մուլտֆիլմերում:
Հարկ ենք համարում նաև նշել, որ չնայած մեծ վստահությանը՝ Մոմանին միշտ խորհրդակցում է կայքի խմբագրակազմի հետ: Նա երբեք չի պատկերում կրոնական, ռասիստական, դաժան և տհաճ նկարներ, դա նրա համար սկզբունքի հարց է: Թերևս, սա է այն պատճառներից մեկը, որ Մոմանին այդքան սիրված է:
Նա 34 տարեկան է և համարում է, որ իր կյանքը ծաղրանկարներն են: Նա չունի ընտանիք, քանի որ չունի ժամանակ կտրվելու մեր ու իր սիրելի աշխատանքից, նա պաշտում է իտալական ֆուտբոլը, բայց ամենից շատ ծաղրում է հենց նրանց:
Վերջում առաջարկում ենք ձեզ դիտել Մոմանիի մի քանի աշխատանք:
Սիրարփի Աղաբաբյան