Նորագավիթ համայնքում իրավիճակը կայունանում է. ՀՀ ԱՆ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն այսօր Նորագավիթ համայնքում շարունակել են բակային համայցերը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:
Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեկ հայտնաբերված 50 հիվանդից 22-ն այսօր որևէ գանգատ չունի։ 18-ի մոտ եղել են ստամոքսաղիքային թեթև երեևույթներ՝ ցավեր որովայնի շրջանում, 3 հիվանդի մոտ` ջերմություն, 1 հիվանդ գանգատվել է լուծից: Հոսպիտալացված հիվանդներ չկան: Կարճ ժամանակում նման արդյունքներն արձանագրվել են մասնագետների արագ արձագանքման, հիվանդների հայտնաբերման և անհրաժեշտ աշխատանքների իրականացման շնորհիվ։
Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով բնակավայրը սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությանը երեկ հատկացվել է անհրաժեշտ դեղորայք, որն էլ անվճար տրամադրվել է բնակչությանը: Իրավիճակի վերահսկման և նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները շարունակվում են։ Իրականացվում են բակային համայցեր, նմուշառումներ են արվում խմելու ջրի ցանցից՝ քիմիական և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների համար: Նշենք, որ հուլիսի 24-ին և 25-ին իրականացված խմելու ջրի քիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մանրէաբանական հետազոտություններն ընթացքում են։ Բնակչության շրջանում շարունակվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, մասնավորապես՝ աղիքային վարակների կանխարգելման հարցերի շուրջ: Իրավիճակը վերահսկելի է։
ՀՀ առողջապահության նախարարություն