«Եթե Սահմանադրական փոփոխությունները չանցնեն, ՀՀԿ-ն փաստացի կդադարի գոյություն ունենալ». Արմեն Բադալյան

168.am-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

 

– Պարոն Բադալյան, մոտ մեկ շաբաթ առաջ հրապարակվել են իշխանությունների կողմից նախաձեռնված Սահմանադրական փոփոխությունների նախագծի 1-7 գլուխները: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախագիծը, և ի՞նչ մտահոգիչ դրույթներ կան այնտեղ Ձեզ համար:

– Բովանդակային առումով՝ Սահմանադրության նոր նախագիծը քննարկելու իմաստ չկա, քանի որ այնտեղ այնքան բացասական երևույթներ կան, որ ուղղակի անիմաստ է իրականացնել բովանդակային քննարկում: Եթե ցանկանում են ժողովրդավարություն իրականացնել, ապա կարող են իրականացնել կառավարման ցանկացած մոդելի պարագայում: Ժողովրդավարություն լինել կամ չլինելը կապ չունի՝ Սահմանադրության մեջ ինչ է գրված: Խնդիրը փաստաթղթի մեջ չէ, այլ իրական կյանքի մեջ է, որտեղ Սահմանադրությունը չի գործում:

– Այս նախագծի հրապարակմամբ՝ Ձեզ համար արդեն հստակեցվե՞լ է, թե ինչ նպատակով են իշխանությունները նախաձեռնել այս գործընթացը:

– Եթե հետևում ենք Հանրապետական կուսակցության պատմությանը, տեսնում ենք, որ այն ղեկավարել են Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, կրկին Անդրանիկ Մարգարյանը և Սերժ Սարգսյանը: Սրանք այն 4 գործիչներն են,  որոնք  Հանրապետական կուսակցության բոլոր թևերի համար ընկալվում են՝ որպես «շեֆ», սակայն Սերժ Սարգսյանը (եթե ընդունենք, որ Սահմանադրությունը չի փոխում, և այլ մարդ է դառնում հանրապետության նախագահը) այն վերջին գործիչն է, որից հետո Հանրապետական կուսակցության մեջ այլևս չկա այդ մյուս շերտը: Ընդունենք՝ Հովիկ Աբրահամյանն է դառնում հանրապետության նախագահը, բնականաբար, նա չի կարող ընկալվել՝ որպես «շեֆ» հանրապետական կուսակցության բոլոր թևերի համար. մի թևի համար կընկալվի, մյուսի համար՝ չի ընկալվի: Այսպիսով, կարող ենք ասել, որ, եթե չանցկացնեն Սահմանադրական փոփոխությունները, և գործող նախագահը չդառնա ԱԺ նախագահ, ապա Հանրապետական կուսակցությունն ուղղակի պարտվում է:

Եթե անգամ գործող նախագահը պահպանի ՀՀԿ կուսակցության ղեկավարի պաշտոնը, բայց չանցկացնի սահմանադրական փոփոխությունները, և նախագահ դառնա անգամ իրենց ամենանվիրված անձնավորությունը, ապա շատ կարճ ժամանակ անց, անգամ այդ ամենանվիրված անձնավորությունը կամաց-կամաց կսկսի ազատվել գործող նախագահի, ՀՀԿ ղեկավարի ազդեցությունից: Դրա համար է գործող նախագահին անհրաժեշտ փոխել Սահմանադրությունը և անպայման դառնալ ԱԺ նախագահ,  հակառակ դեպքում՝ կուսակցությունը փաստացի կդադարի գոյություն ունենալ և կարճ ժամանակ անց կպառակտվի: Դրա համար են նրանք այդպիսի Սահմանադրություն գրել ու  այնպիսի կետեր ներառել, որ ԱԺ նախագահը դառնում է ամեն ինչ, նախագահից էլ բարձր լիազորություններ է ունենում:

– Ի՞նչ եք կարծում՝ իշխանություններին կհաջողվի՞ անցկացնել այս  սահմանադրական փոփոխությունները՝ հաշվի առնելով հանրային այս ընդվզումը և ընդդիմադիր գործիչների բացասական վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

– Հանրային ընդվզում գոյություն չունի, ուղղակի Բաղրամյան պողոտան մի քանի շաբաթով փակվեց, բայց դա արվեց այն պատճառով, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոններից հրահանգ էր եկել մեր իշխանություններին, որ ուժ չկիրառեն: Մեր հանրության տիպիկ դիմանկարը ցույց տրվեց ընդամենը երեկ՝ Նոր Հաճընում եկեղեցու բացման արարողությանը բաժանվող այդ մատաղի ընթացքում (http://www.1in.am/1677269.html): Դա ցույց տվեց, որ հանրության մեջ ոչինչ չի փոխվել, ցույց տվեց, որ մեր հանրության մեջ բավականին շատ են այն ընտրողները, ովքեր քվեարկում են 10 հազար դրամի առկայության պարագայում: Իշխանությունները երկրի ներսում այս պահի դրությամբ դեռևս ունեն այն մեծ զանգվածը, որոնք կարող են փողով Սահմանադրությանը կողմ քվեարկել:

Այն ուժերը, որոնք ցանկություն ունեն դեմ լինել Սահմանադրության այս փոփոխություններին, ապա նրանք պետք է ինչպես՝ Ռուսաստանում, այնպես էլ՝ Արևմուտքում համապատասխան աշխատանք տանեն և նրանց միջոցով թույլ չտան գործող նախագահին՝ իշխանությունը վերարտադրել:

– Այսինքն՝ միայն արտաքին ուժերի միջամտության պարագայո՞ւմ հնարավոր կլինի խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների անցկացմանը:

– Ոչ միայն, պետք է, իհարկե, նաև ներքին ճակատում աշխատել, ոչ ոք չի ասում, որ հասարակության հետ ընդհանրապես աշխատանք պետք չէ տանել, բայց հասարակության դիմադրողականությունը բավականին ընկել է, և նրա մեջ չկա այն հզոր զանգվածը, որ կարողանա դեմ լինել իշխանությունների այդ գործողություններին:

Տեսանյութեր

Լրահոս