
Թինա Կանդելակին կլինի «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերը

Կանդելակիի պարտականությունների մեջ են մտնում գովազդատուների համար հրապուրիչ հաղորդումների ցանցի մշակումը, ծրագրային հագեցածության և ալիքի լսարանային պատկերի ստեղծումը:
Նոր «Матч ТВ» հեռուստատեսային ալիքի գլխավոր պրոդյուսերը և միավորված սպորտային խմբագրության գլխավոր պրոդյուսերի տեղակալն է դառնալու հայտնի հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր և IT-տեխնոլոգ Թինա Կանդելակին: Նա արդեն մասնակցում է աշխատանքային հանդիպումներին, և նրա հետ պայմանագիրը գտնվում է ստորագրման փուլում, հայտնում է Коммерсант-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ «Газпром-медиа»-ն աշնանը կսկսի «Матч ТВ» հեռուստատեսային ալիքի հեռարձակումը: «Газпром-медиа»-ն ցանկանում է նոր ալիքը հրապուրիչ դարձնել ընտանեկան և երիտասարդական լսարանի համար:
Երիտասարդության համար կառաջարկվեն սպորտային թյունինգի մասին հաղորդումներ, էքստրեմալ սպորտ և այլ շատ ծրագրեր: Կանանց լսարանի համար ալիքը ցույց կտա ծրագրեր ֆիթնեսի, դիետաների և ճիշտ սնվելու մասին: Այս ամենի հետ մեկտեղ՝ մաքսիմալ ժամանակը կտրամադրվի սպորտային տրանսլյացիաներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը