Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանի տարածքից կարող է ոչնչացնել Երևանի ցանկացած ռազմական օբյեկտ. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը Trend գործակալության հետ զրույցում հայտնել է, որ այն հանգամանքը, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարբերաբար այցելում է հայ-ադրբեջանական սահմանագիծ,այդ թվում՝ Նախիջևանի մոտ տեղակայված զորամասեր, «վկայում է այն մասին, որ թշնամական կողմը անհանգիստ է»:
«Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ոչնչացնելով Հայաստանի Զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան, կանխում են շփման գծում թշնամու դիրքերը ամրացնելու փորձերը: Ադրբեջանի ԶՈՒ-ն, օգտագործելով խոշոր տրամաչափի զենք ու ականանետեր, կանխարգելել է հակառակորդի ակտիվացման փորձերը զորքերի շփման գծում»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն եզրակացնում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անհանգստություն ունի Նախիջևանի հարցում Զինված ուժերի տեսակետից:
Ի հավելում, Ադրբեջանի ՊՆ-ն հարկ է համարել տեղեկացնել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանի կողմից հագեցած է ժամանակակից սպառազինություններով, ռազմական տեխնիկայով, ավիացիայի միջոցներով, հրթիռա-հրետանային սարքավորումներով ու «ցանկացած պահի պատրաստ է ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում»: