Թուրք ազգայնամոլը, ով Սիրիա էր գնացել հայերին և ալևիներին գլխատելու համար, սպանվել է (լուսանկար)
Ինչպես հաղորդում է «Նոր Մարմարան», թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներից Բուրաք Միշինջին, ով հայտարարել էր, թե Սիրիա է գնում «ալևիների ու հայերի գլուխը կտրելու համար», սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Լազիքիե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ:
Բուրաք Միշինջին 26 տարեկան էր:
Նրա մարմինը տեղափոխվել է Ստամբուլ ու հուղարկավորվել:
Ազգայնամոլի հուղարկավորությանը ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները, ազգայնական MHP կուսակցության Ստամբուլի պատգամավոր Մերալ Աքշեները, MHP-ի Ստամբուլի նահանգային նախագահ Ահմեդ Յեիղիթ Յելտըրըմն ու մի խումբ թուրքմեններ:
Նկարում պատկերված է, թե ինչպես են Բուրաք Միշինջիի թաղման ժամանակ «Գորշ գայլերի» անդամները ցուցադրում գայլակերպ նշանը: