Բաժիններ՝

«Հայաստանի փրկության ելքը սահմանադրական միապետությունն է». Արթուր Վաղարշյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը գտնում է, որ հիմա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Վաղարշյանը նշեց, որ դեռ վաղ է գնահատել հրապարակված նախագիծը, քանի որ դեռ միայն մի մասն է հրապարակված, և վերջնական տարբերակը, հնարավոր է, որ լրիվ այլ բան լինի:

«Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ ձեզ՝ նախորդ նախագահական ընտրություններից. ընտրական այդ համակարգը կարծես խեղկատակություն լիներ, մեկը պառկել էր փողոցի վրա, մեկը չգիտեմ՝ ինչով էր զբաղվում, դա նշանակում էր, որ սահմանադրական կարգավորումը թույլ էր տալիս նման դեպքեր: Համոզված եղեք, որ սահմանադրական բարեփոխումները կտան դրական արդյունքներ՝ մարդու կարգավիճակի տեսանկյունից»,- նշեց բանախոսը՝ նկատելով, որ այստեղ վճռորոշը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը:

Ըստ նրա՝ ժամանակը ցույց տվեց, որ գերնախագահական պետությունում առաջանում է միանձնյա կառավարման վտանգ.

«Ինչո՞ւ եք մտածում, որ հայ ժողովրդին պարտադիր բնորոշ է նախագահական կառավարման մոդելը: Ձևը փոխելուց վտանգ մի տեսեք, կարևորը բովանդակությունն է: Գերնախագահական պետությունն իր մեջ վտանգ է ներկայացնում, և մենք պետք է փորձենք դրանից ազատվել ՝ պառլամենտական ձևերին անցնելով»:

Ա. Վաղարշյանը համաձայն է լրիվ համամասնական ընտրական համակարգին անցում կատարելուն, քանի որ, ըստ նրա՝ մեծամասնական ընտրական համակարգն «ուղղակիորեն սպառել» է իրեն:

Ա. Վաղարշյանը կարծում է՝ պառլամենտական կառավարման դեպքում՝ կուսակցություններին «պայթեցնել» հնարավոր չէ.

«Եթե մենք պահպանեինք կիսանախագահականը, շատ ավելի ճիշտ կլիներ, որ մենք ունենայինք ցմահ նախագահ, քան ընտրովի»:

Ա. Վաղարշյանը Հայաստանի փրկության ելքը համարում է սահմանադրական միապետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս