ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել՝ մեքենաների գույքահարկի հետ կապված
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է.
«Դեռևս հունիսին Օմբուդսմենը բարձրացրել էր այն խնդիրը, երբ նախկինում վաճառված կամ լիազորագրով տրված տրանսպորտային միջոցները գնորդի կողմից հաշվառումից չհանելու և չվերահաշվառելու արդյունքում նախկին սեփականատերերը, ովքեր արդեն երկար տարիներ փաստացի չեն հանդիսանում այդ տրանսպորտային միջոցների տիրապետողը, օգտագործողը և տնօրինողը, պարտավորվում էին վճարել գույքահարկը:
Օմբուդսմենի գրության հիման վրա Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր, և այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտման սահմանված դեպք 01.06.2011 թվականից հետո չի արձանագրվել, համարել խոտանված 30.12.2010 թվականի դրությամբ և հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանի գործող հատվածից:
Բացի այդ, որոշմամբ սահմանվել են հավելյալ երաշխիքները.
• խոտանված տրանսպորտային միջոցը ի հայտ գալու դեպքում այդ տրանսպորտային միջոցները վերադարձվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման համակարգչային շտեմարանի գործող հատված,
• տվյալ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հրապարակում Ոստիկանության պաշտոնական կայքում,
• ԶԼՄ-ներով քաղաքացիներին վերոնշյալ որոշման վերաբերյալ իրավական խորհրդատվություն տրամադրում և այլն:
Արդյունքում, նշված որոշման ընդունմամբ փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող տրանսպորտային միջոցների սեփականատերերը կազատվեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և «Գույքահարկի մասին» օրենքով նախատեսված գույքահարկ վճարելու պարտավորությունից»: