Ինչ ընթացքում է 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության գործը
Հունիսի 15-ին Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի դին. ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ սպանության հոդվածի հատկանիշներով: Դեպքի առթիվ գործ էր հարուցվել նաև Ռուսաստանի Քննչական կոմիտեում:
168.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվել էր՝ ինչ ընթացքում է քրեական գործի նախաքննությունը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են.
«Գյումրիում գտնվող 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դիակը հայտնաբերվել է Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում, և նույն օրն իրականացված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարվել է նշված տեղանքում:
Նախաքննության ընթացքում Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ըստ որի՝ նշված քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), որի նախաքննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՌԴ Քննչական կոմիտեի 519-րդ զինվորական քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Գյումրիում գտնվող Ռուսաստանի Դաշնությսն 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի. Ս. Նովիկովի սպանությունը կատարվել է համածառայակից ընկերոջ, պայմանագրային զինծառայող Ի. Վ. Բոսխոմջիևի կողմից: Վերջինս ձերբակալվել է և դեպքի կապակցությամբ տվել ինքնախոստովանական ցուցմունքներ: Վկայակոչելով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ և 5-րդ հոդվածի պահանջները՝ ՌԴ ՔԿ Զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը գրավոր դիմել է Շիրակի մարզային քննչական վարչությանը՝ խնդրելով տրամադրել հարուցված քրեական գործը և ռուս զինծառայողի դիակը փոխանցել իրենց: Ղեկավարվելով նշված համաձայնագրի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քննելու քրեական գործը Ռուսաստանի իրավասու մարմիններին ուղարկելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գրավոր ցուցում է ստացվել, որ անհրաժեշտ է պարզել հանցանքի կատարման վայրը, բոլոր կատարողներին (համակատարողներին), հանցակիցներին, թե արդյոք նրանց շարքերում կա՞ն ՀՀ քաղաքացիներին:
Նշված հանգամանքները պարզելու համար ՀՀ ՔԿ Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը հարցմամբ դիմել է ՌԴ ՔԿ Զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի ղեկավարին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել նշված քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզված հանգամանքների վերաբերյալ, այն է՝ ո՞վ է կատարել սպանությունը, արդյոք նա ունեցե՞լ է հանցակիցներ ՀՀ քաղաքացիների շրջանում: Միաժամանակ խնդրել է տրամադրել նշված հանգամանքները հավաստող փաստաթղթերը»: