Իրանն անտարբեր չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ. իրանցի քաղաքագետ
«Իրանը դեմ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական եղանակին»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի սյունակագիր, քաղաքագիտության դոկտոր Իսմայիլ Սալամին`անդրադառնալով Իրանի հնարավոր դերակատարմանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Իրանի ապաշրջափակումից հետո:
Իսմայիլ Սալամին նշեց, որ Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշումը վերջին տարիների ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել: Նրա հավաստիացմամբ` Իրանը չեզոք դիրքորոշում է փորձում դրսևորել այս հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, ինչն ամենևին չի նշանակում, որ Իրանն անտարբեր է:
«Քչերն են հիշում, բայց Իրանը նախկինում ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու հարցում, խոսակցություններ կային նաև միջնորդների ցանկում Իրանին ներառելու մասին, այդ հարցում որոշակի խոչընդոտներ առաջացան: Այսօր Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման միակ իրավասու հարթակն է, այլ միջնորդներ անհրաժեշտ չեն, այսինքն` մեր երկրի դիրքորոշումը հավասարակշիռ և չեզոք է: Բայց մեկ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է` ԼՂ հակմաարտության կարգավորման գոտում ռազմական գործողություններ չպետք է լինեն»,- նշեց Իսմայիլ Սալամին:
Վերջինիս հավաստիացմամբ, կողմերը պետք է վստահեն ԵԱՀԿ Մինսկի խմբին և հասնեն երկարաժամկետ, կայուն կարգավորման: Իրանցի քաղաքագետը դժվարացավ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբում Իրանի ներգրավման մասին, քանի դեռ այդ մասին ցանկություն հակամարտող կողմերն ու միջնորդները չեն հայտնել:
Իսմայիլ Սալամիի հետ մեր զրույցի մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ ավելի ուշ: