Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում Գոդֆրի Ռեջիոն է. «Հարբած ձիերի ժամանակը» (բացառիկ)

Այսօր «Կադրերի բաժին N 168»-ը ձևաչափի իմաստով նման չէ նախկինում առաջարկված ֆորմատներին: Բանն այն է, որ այս ուրբաթ մեզ իր առանձնահատուկ կինոընտրությունն է առաջարկում էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն (Godfrey Reggio), ով ամբողջ աշխարհին հայտնի է իր ստեղծած կինոյի նորարարական լեզվով: Կյանքի վաղ տարիքում Ռեջիոն հանդիսացել է տարբեր հրոսակների և հանցավոր խմբերի կազմակերպիչ, հարել տարբեր հանցագործ խմբավորումների, եղել բանդիտական շարժումների մասնակից: Սրան հաջորդած ժամանակահատվածում իր կյանքի շուրջ 14 տարին ռեժիսորն անցկացրել է լռակյաց և աղոթքներով՝ որպես կաթոլիկ վանական, պատրաստվելով հոգևոր ծառայության, սակայն, որից հետագայում հրաժարվել է:

Այնուհետև զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ նպաստելով դեռահաս հանցագործների վերադաստիարակման ծրագրերին և ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի աղքատ բնակավայրերի սոցիալական հարցերի լուծմանը։ Ռեջիոն դատապարտում է տեխնիկական առաջընթացի դարաշրջանը, գտնում, որ այն սահմանափակում է ոգեղենը՝ նպաստելով շրջակա միջավայրի ոչնչացմանը։ Նրա կարծիքով՝ քաղաքում ապրող մարդու համար տեխնոլոգիաները՝ որպես գոյության միջոց, ամբողջությամբ փոխարինել են բնությանը։

168.am-ի ընթերցողներին Գոդֆրի Ռեջիոն առաջարկում է միանգամից 3 ֆիլմ: Իր յուրահատուկ ընտրությունը ռեժիսորը մեկնաբանում է այսպես. «Գործն այս պարագայում բարեհաջող ընթացք կունենա երեք դեպքում… Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երեք իրարից միանգամայն տարբեր ֆիլմեր, որոնք կինեմատոգրաֆիայի արվեստի ձայնով դիտողին են հասցնում իրենց ամբողջ շուքն ու վեհությունը: Տարբեր մթնոլորտներ, պատմություններ, խաղացողներ՝ միանման արվեստի էության մեջ, որտեղ բովանդակությունը միավորում է գեղագիտական ձևը: Սրանք ջրագծի նիշերն են, տաղանդի տեսիլքներ, որոնք գալիս են` ձեր հոգու հետ խաղալու: Դրանք կարող են ասել ավելին, քան հնարավոր է…» («Things go better in threes. I invite for your consideration three films while vastly different, share in their brilliance, a voice of cinematic art: different atmospheres, stories, players; similar in the substance of art where the content becomes their aesthetic form.These are watermark events, monsters of grace that come to play with your soul. They have more to say than can be spoken…». Godfrey Reggio)

Այսպիսով Գոդֆրի Ռեջիոն հուշում է միանգամից երեք ֆիլմ, որը 168.am-ն իր ընթերցողներին կներկայացնի նրա առաջարկած հաջորդականությամբ՝ առաջիկա խորագրային օրերին ևս: Նրա առաջարկով առաջինը պարսիկ ռեժիսոր Բահման Ղոբադինի «Հարբած ձիերի ժամանակը» («A TIME FOR DRUNKEN HORSES » Bahman Ghobadi ) ֆիլմն է՝ նկարահանված 2000թ. Իրանում, տևողությունը` 80 րոպե:

Կարդացեք նաև

Ֆիլմն իրանաքրդական ծագմամբ մի ընտանիքի պատմություն է, որի անդամները փորձում են վերապրել ծնողների կորուստն ու հարմարվել նոր կյանքի պայմաններին: Ավագ որդին՝ Այուբը, որ ստանձնում է ընտանիքի գլխավոր անդամի դերը, պարտավորվում է ցանկացած պայմաններում հոգալ կենդանի մնացածների սոցիալական խնդիրները:

2000թ. «Հարբած ձիերի ժամանակը» արժանացել է Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

 

nv05 nv01 nv02 nv03 nv04

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս