Ադրբեջանին մտահոգում է Ղարաբաղի հարցում Արևմուտք-Ռուսաստան տարաձայնությունների վերացումը. Մանվել Սարգսյան
«Ադրբեջանը միջազգային հարաբերությունների փոփոխությունների ֆոնին դժվարին կացության մեջ է հայտնվել»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, փորձագետ Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ադրբեջանական սպառնալիքներին, թե լայնածավալ ռազմական գործողություններ են սկսվելու և ամերիկացի, ռուս դիվանագետների զգուշացումներին` ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ:
Մանվել Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանը միջազգային հարաբերություններում ստեղծված նոր պայմաններում կրկին փորձում է վերահաստատել իր դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ըստ նրա` այդ փոփոխություններից մեկն Իրան-Արևմուտք հարաբերություններում արձանագրված բեկումն է, Արևմուտք-Ռուսաստան մերձեցումը, որի ֆոնին բոլոր կողմերը փորձում են իրենց դիրքորոշումները վերանայել կամ վերահաստատել: «Ադրբեջանի դեպքում ևս այդպես է: Ադրբեջանը շարունակում է իր ռազմական դիվանագիտությունը, և պարզից էլ պարզ է, որ կդիմի սահմանային սադրանքների` ցույց տալու համար, որ պատրաստ է պատերազմել: Սա վտանգավոր է, քանի որ Ադրբեջանը նոր իրավիճակում դրսևորվելու այլ գործիք չունի, քան սադրանքներն ու դրանց վրա կառուցված շանտաժները»,-մեկնաբանեց Մանվել Սարգսյանը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` ներկայիս իրավիճակի պայթյունավտանգությունը չպետք է համեմատել նախորդ տարվա օգոստոսին գրանցված լարվածությա հետ, քանի որ նախորդ տարվա օգոստոսին իրավիճակն այլ էր, իսկ այսօր աշխարհում, տարածաշրջանում այլ իրավիճակ է: «Ադրբեջանին մեծապես մտահոգում է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում նկատվող ջերմացումը, քանի որ նախորդ փուլում Ադրբեջանը փորձում էր օգտագործել ՌԴ-Արևմուտք տարաձայնությունները, համոզել Ռուսաստանին դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ի օգուտ Ադրբեջանի: Իսկ այսօր այդ իրավիճակը փոխվել է, և այստեղ եմ տեսնում Ադրբեջանի մտահոգությունը: Այսինքն` Ադրբեջանին մտահոգում է, որ Արևմուտքն ու Ռուսաստանը կսկսեն համակարծիք լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Վերջինիս կարծիքով` Իրանի հարաբերություններն Արևմուտքի հետ պետք է շատ մտահոգեն Ադրբեջանին, Ադրբեջանը հավանություն չի տալիս տարածաշրջանում Իրանի նոր դերին, որը ստվերելու համար կրկին Ադրբեջանը կփորձի դիմել Ռուսաստանի օգնությանն, ինչում համոզվեցինք այսօր Մոսկվայում Լավրով-Մամեդյարով հանդիպման արդյունքներից: «Նրանք ցանկանում են ՌԴ-ի միջոցով հարցեր լուծել, բայց այս դաշտում փոփոխություններ են երևում, որոնք Ադրբեջանի համար աննպաստավոր պայմաններ են ստեղում»,-ընդգծեց Մանվել Սարգսյանը: