«Թող պարզվի, թող բոլորն իմանան, թե շան գլուխը որտեղ է թաքնված». Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի հայտարարությունը դատարանում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի` Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:

Դատարանում այսօր հարցաքննվեցին երեք վկաներ, որոնցից մեկը հայտնեց, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին չի ճանաչում, ճանաչում է մահացած համարվող Մովսես Ներսիսյանին: Նա նշեց, որ մանկական ընկերներ են, լրատվական միջոցներից են իմացել, թե ինչ է եղել:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, որ ոչ միայն այս վկային, այլև մյուս վկաներին հարցեր չի տա, մինչև Տիգրան Ասատրյանը չգա դատարան և չպատասխանի իրենց հարցերին:  Նշենք, որ Տիգրան Ասատրյանի վերաբերյալ այժմ գործ է քննվում. նրան սկզբնական շրջանում մեղադրանք էր առաջադրվել այս գործի շրջանակներում, հետագայում գործից մաս էր անջատվել, Իսրայել Սարգսյանի մասով գործն ուղարկվել դատարան:

Հեկտոր Սարդարյանն ասաց, որ դատակոչված վկաների ցանկը մեղադրողի փոխարեն կկրճատեր 80 տոկոսով. դրանք, ըստ նրա, այն վկաներն են, որոնք գործի մասին ոչ մի տեղեկություն չեն տալիս կամ տեղեկություն են տալիս, որն ակնհայտ է բոլորին, իսկ Տիգրան Ասատրյանն, ըստ նրա, հիմնական վկան է: Նրա կարծիով՝ նիստը պետք է հետաձգվի, մինչև ապահովվի նրա ներկայությունը:

Կարդացեք նաև

Մեղադրող Արմեն Փանոսյանն ասաց, որ ապացույցները վերաբերում են գործով ապացուցման ենթակա հանգամանքներին, որոնք նախատասված են քրեադատավարական օրենսգրքով: Անդրադառնալով Տիգրան Ասատրյանի հարցաքննությանը՝ նա նշեց, որ վերջինս հրավիրվել է դատարան, օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն եթե պաշտպանության կողմը նրան հարցեր ունի տալու և միջնորդում է լրացուցիչ հրավիրել դատարան և հարցեր տալու հնարավորություն ընձեռել, ապա այդ մասով միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ գործողություններն, ըստ նրա, պետք է շարունակվեն:

Վկաների շարքում էր նաև Մովսես Ներսիսյանի օրինական կինը, սակայն նա նշեց, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ, տեղեկություններ չի ունեցել նրանից, դեպքի մասի տեղեկացել է լրատվամիջոցներից:

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, ով նշեց, որ Տիգրան Ասատրյանի ցուցմունքը շատ ուշադիր է կարդացել և հանգել այն եզրակացության, որ նա պարտադիր պետք է լինի դատարանում: Նա նշեց, որ Տիգրան Ասատրյանը լավ հասկանում է, թե ինքն ինչ հարցեր պետք է տա նրան, որովհետև իրենք 10 տարի շատ մոտ ընկերներ են եղել: Նրա խոսքով՝ գործով միակ վկան նա է, իսկ մյուսները գալու են, գնան, ոչ ոք «ոչ մի բան չի խոսելու»:

Իսրայել Սարգսյանն ասաց, որ այնպես է արված, որ Տիգրան Ասատրյանը կարող է իր հարցերին չպատասխանել: «Ինչո՞ւ ինքը վկայի կարգավիճակում այստեղ չի գտնվում, թող վկայի կարգավիճակով գա: Ես ավելի ուրախ կլիներ, որ այդ հոդվածն իր վրայից հանեն, ու ինքը գա այստեղ որպես վկա: Թող գա, ես լիքը հարցեր ունեմ իրեն տալու, ու թող պարզվի, թող բոլորն իմանան, թե շան գլուխը որտեղ է թաքնված»,- ասաց Իսրայել Սարգսյանը՝ նշելով, որ ինքն էլ պատրաստ է պատասխանել նրա հարցերին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս