«Դեբիլների մոտ ընդունված է խորհրդարանական համակարգը համարել ավելի ժողովրդավարական». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ քաղաքակիրթ երկրներում և բռնապետություններում սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը մեկն է.
«Բռնապետություններում դրանք կատարվում են բռնապետի դիրքերն ամրացնելու համար, քաղաքակիրթ երկրներում՝ ժողովրդավարությունն ավելացնելու համար: Քաղաքացին այսօր մասնակցում է խորհրդարանական և նախագահական ընտրություններին, փոփոխություններից հետո քաղաքացին մասնակցելու է միայն մեկ ընտրության. խոսելն ավելորդ է:
Ով կընկնի բովանդակային քննարկումների մեջ՝ նա պարզապես լուրջ իմացական և այլ խնդիրներ ունի:
Դեբիլների մոտ ընդունված է խորհրդարանական համակարգը համարել ավելի ժողովրդավարական: Նաև անիրազեկները կարող են այդպես համարել, բայց եթե անիրազեկ ես, ուրեմն՝ դեբիլ ես: Տերն ասել է՝ ոչ ոքի «դեբիլ» չասես, բայց ես նկատի չունեմ կոնկրետ անձի, այլ՝ երևույթը:
Եթե խորհրդարանական համակարգ կոչվածը չի ապահովում իշխանությունների տարանջատման սկզբունքը, դա այլևս գոյության իրավունք չունի: Խորհրդարանական համակարգ աշխարհում ունի մոտավորապես 20 պետություն, իսկ նախագահական՝ 60 պետություն: Ժողովրդավարություն՝ նշանակում է՝ ժողովրդի մասնիկների գերակայություն, իսկ ժողովրդի մասնիկները քաղաքացիներն են»,- հայտարարեց նա:
Պարույր Հայրիկյանը նկատեց՝ նախորդ սահմանադրական բարեփոխումը կատարվել է հանրապետականների (Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների.- Ռ. Մ.) իշխանության օրոք, նրանց գերակայությամբ:
«Հիմա նույն հանրապետականները սահմանադրական բարեփոխում են նախատեսում: Երբ 1998թ. ես սահմանադրական բարեփոխում էի նախատեսում, խոսում էի ՀՀՇ-ականների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի «խուժան սահմանադրության» դեմ:
Հիմա սրանք խոսում են իրենց իսկ բարեփոխած Սահմանադրության դե՞մ: Ո՞րն է տրամաբանությունը: Եթե այն ժամանակ դուք սխալ եք փոխել, վատ եք փոխել, ո՞րն է երաշխիքը, որ այսօր սխալ թույլ չեք տա:
Գոնե մի անգամ ասեն, որ այն ժամանակ ապուշ էին, և ուզում են հիմա ուղղել իրենց գրած ապուշությունները: Բայց իրենք հպարտ ասում են՝ այն ժամանակ կատարեցինք սահմանադրական բարեփոխումներ, բայց հիմա էլ ենք բարեփոխելու»,-ասաց նա: