Բաժիններ՝

Ո՞վ է քանդում որբերի գերեզմանը. Վարդան Ավագյանը դատ է բացել

Դանիական հիմնադիր բարեսիրական կազմակերպությունից «Թռչնոց բույնը» 1970թ. անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տնօրինության ներքո։ Եվ ահա այսօր, նույն Կիլիկիո կաթողիկոսության գիտությամբ էլ ընդունվել է գերեզմանը քանդելու և այն այլ վայր տեղափոխելու որոշումը։

Այս շաբաթավերջին` հուլիսի 18-ին, Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) պատմական քաղաքի «Թռչնոց բույն» նշանավոր որբանոց-վարժարանում բացվելու է Հայոց ցեղասպանության և Որբերի թանգարան։ Թանգարանի բացումից առաջ Լիբանանում և այլ երկրների հայկական համայնքներում մի շարք հարցեր են առաջացել, քանի որ որոշվել է նաև նույն որբանոցի տարածքում գտնվող հնագույն հայկական գերեզմանատունը քանդել և այնտեղ ամփոփված 33 հայերի գերեզմանները փոխադրել։ Ընդ որում, որոշվել է ոչ որբ ննջեցյալների աճյունները (որոնք ընդամենը մի քանիսն են) տանել այլ հայկական գերեզմանատներ, իսկ որբերի աճյունները վերաթաղել «Թռչնոց բույնի» բակում, որտեղ թաղված է «Թռչնոց բույնի» հիմնադիրը` դանիացի նշանավոր միսիոներ Մարիա Յակոբսենը։

Jakobsen

Նա` դանիացի բժշկուհին, համարվում է հայ ժողովրդի մեծ բարեկամը, նրա անունը պատմական փաստաթղթերում և հուշագրություններում նշվում է` «Մամա», քանի որ Յակոբսենը, տեսնելով Ցեղասպանությունից հետո հայ որբերի տառապանքը, Խարբերդում, Մալաթիայում, Այնթապում և այլուր հիմնել է որբանոցներ ու հիվանդանոցներ, իսկ երբ քեմալական կառավարությունը Թուրքիայից վտարել է բոլոր եվրոպական և ամերիկյան բարեգործական կազմակերպություններին, Մարիա Յակոբսենը զրկվել է այնտեղ ողջ մնացած հայերին օգնելու հնարավորությունից և, գնալով Լիբանան, զբաղվել է որբահավաքությամբ։ 1922 թ.-ին նա բացել է «Թռչնոց բույն» որբանոցը` իր շուրջը հավաքելով Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ որբերի` խնամելով ու հայեցի կրթություն տալով նրանց։

Յակոբսենը մահացել է 1960 թվականին, և, իր իսկ ցանկության համաձայն, թաղվել է «Թռչնոց բույն» որբանոցի բակում։ Որբանոցի հիմնվելուց հետո, որբանոցից քիչ հեռու 1924-ին արդեն սկսել են թաղվել Ցեղասպանությունից փրկված, բայց հիվանդությունների կամ այլ պատճառներով մահացող առաջին որբ երեխաները։ Հետագայում գերեզմանատանն են թաղվել նաև «Թռչնոց բույնում» աշխատած և ընտանիք կազմած մի քանի մեծահասակներ։ Գերեզմանոցը ցեղասպանությունից փրկված որբերի վկայության միակ վայրն է Լիբանանում։ Այն տասնամյակների ընթացքում դարձել էր հայերի և օտարների այցելության վայր, ովքեր, «Թռչնոց բույն» պատմական վայր ու հարակից հայկական եկեղեցի այցելելով` նաև որբերի գերեզմանոց էին այցելում։ Դանիական հիմնադիր բարեսիրական կազմակերպությունից «Թռչնոց բույնը» հետագայում (1970-ին) անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տնօրինության ներքո, և գերեզմանատանն արգելվել են թաղումները։

vorber1
Եվ ահա նույն Կիլիկիո կաթողիկոսության գիտությամբ էլ ընդունվել է գերեզմանը քանդելու և այն այլ վայր տեղափոխելու որոշումը։ Հարցը մեծ աղմուկ է բարձրացրել Լիբանանում. խնդրին անդրադարձել է նաև լիբանանյան մամուլը։

Անցնող օրերին որոշմանը դեմ մարդիկ նամակներ են հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, «Թռչնոց բույնի» խնամակալությանը, տարբեր հայկական կառույցների, ստորագրահավաք է սկսվել համացանցում` վիճարկելով հնագույն գերեզմանոցը տեղաշարժելու հարցը։ Ըստ նրանց, այդ գերեզմանոցը Եղեռնից մազապուրծ եղած և Լիբանանում մահացած մի խումբ վերապրողների քչաթիվ վկայություններից է, և կաթողիկոսարանը պատմական մեծ սխալ է թույլ տալիս` այն իր նախնական վայրից տեղափոխելու որոշում կայացնելով։

vorber2Բողոքներից մեկը` գերեզմանոցում թաղվածներից Հակոբ Ավագյանի ընտանեկան ժառանգորդը` Ջիբեյլ քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանը, դատ է բացել այս հարցով` պահանջելով ձեռք չտալ իր պապենական գերեզմանին, նշելով, որ ոչ ոք չունի այն քանդելու և տեղափոխելու իրավունք։

Ծովափնյա հանգստյան գոտի` գերեզմանատան փոխարեն
Բողոքի այս ալիքն ավելի մեծ թափ է ստացել, երբ հայտնի է դարձել, որ «Թռչնոց բույնի» խնամակալությունը տեղափոխվող գերեզմանոցի և մերձակա տարածքը վարձակալության է հանձնելու ծովափնյա հանգստի գոտի շահագործելու նպատակով շինարարություն իրականացնող մի կազմակերպության։ Վարձակալության ժամկետի, վարձակալող կողմի և գումարի մասին հայկական կառույցները տվյալներ չեն ներկայացնում, սակայն լիբանանյան մամուլը, անդրադառնալով այս խնդրին, արդեն հայտնել է վարձակալի անունը` լիբանանցի մեծահարուստ, շինարարական խոշոր ընկերության ղեկավար Ժան Լուի Քրդեհ, ով արդեն վարձել է հսկայական ծովափնյա տարածք, որին հարում է նաև Ջիբեյլի ծովափնյա ափին գտնվող հայկական գողտրիկ գերեզմանոցի տարածքը, և նա այդ վայրն իր շինարարական պլանների մեջ մտցնելու առաջարկ է ներկայացրել հայկական համայնքին։ Հայկական կողմը համաձայնել է։

vorber3

Ըստ «Թռչնոց բույնի» խնամակալության, տարածքը վարձակալության տալու առաջարկին համաձայնելու որոշումը բխել է որբանոց-վարժարանի կարիքներից. որբանոց-վարժարանը մինչև այսօր էլ շարունակում է իր գործունեությունը` ընդունելով ծնողազուրկներ և անապահով ընտանիքների երեխաներ։ Ինչպես «Կիլիկիա» համացանցային հեռուստատեսությանը (Cilicia TV) տված հարցազրույցի մեջ նշել է «Թռչնոց բույնի» խնամակալության ատենապետ Սեդա Խտշյանը. «Թռչնոց բույնի» ծախսերը հետզհետե բարձրանում են, իսկ օտար աղբյուրներից մինչև հիմա եկող եկամուտները, փաստորեն, դադարել են։ Ճիշտ է, մեր ժողովրդի զավակների մշտական գուրգուրանքի առարկան է «Թռչնոց բույնը», սակայն մեր տարեկան բյուջեի մոտավորապես կեսը բաց է։ Մենք միշտ հետամուտ էինք ծովեզերյա ծրագրի իրագործմանը` ապահովելու համար «Թռչնոց բույնի» տարեկան բյուջեն»։ Նա նաև նշել է, որ գերեզմանների տեղափոխումը կապ չունի որևէ ծրագրի հետ, իրենք վաղուց էին որոշել որբերին տեղափոխել իրենց խնամակալի` Մամայի մոտ։

vorber4

Իր հարցազրույցում «Թռչնոց բույնի» խնակալության ատենապետը նշել է նաև, որ եթե ծովափնյա շրջանի վարձակալության ծրագիրն իրագործվի, ապա վարձակալն այդ գումարից 1 միլիոն դոլար է տրամադրելու տարածքում նոր հայկական եկեղեցու շինարարության համար։ Նա նաև ասել է, որ վարձակալության փողով հնարավոր է լինելու նորոգել երեխաների ննջարանները և առհասարակ բարելավել և ժամանակակից տեսքի բերել հնագույն հայկական մանկատունը։
Բողոքի ալիք բարձրացնողները դեմ չեն «Թռչնոց բույնի» նորոգման ծրագրերին, սակայն նրանք պնդում են, որ այդ ամենը չպետք է իրականացվի որբերի գերեզմանը քանդելու և տարածքը վարձակալության տալու հաշվին։ Ըստ նրանց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կարո՛ղ է գտնել միջոցներ` կառույցի բարելավման ծրագրերի համար, ինչպես որ գտնվել է մեծահարուստ հովանավոր` առաջիկա օրերին «Թռչնոց բույնում» մեծ շուքով բացվելիք թանգարանի կառուցման համար։ Այն կառուցվել է Շվեյցարիայում ապրող հայտնի բարերար Ալեքո Պեզիկյանի հովանավորությամբ։

vorber5
«168 Ժամը» զրուցեց լիբանանյան դատարանում հայկական կառույցների դեմ դատական հայց ներկայացրած Վարդան Ավագյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը պայքարում է ոչ միայն իր պապենական գերեզմանի, այլև այն տասնյակ որբերի գերեզմանոցների փրկության համար, ովքեր ընտանիքներ չունեն և փոքր տարիքում մահացել ու թաղվել են այդտեղ։ «Դա պատմական վայր է։ Որբերը, երկար և դժվարին ճանապարհ անցնելով, իրենց հանգիստն են գտել այդտեղ, որը տարիներով այցելության վայր է եղել։ Արևմտյան Հայաստանից փախչելու, այդտեղ ապրելու, փոքր տարիքում մահանալու և հենց այդ վայրում թաղվելու ընթացքը խախտել, նշանակում է` խախտել պատմության ընթացքը։ Այդտեղ թաղվածները պարզապես մարդիկ չեն, նրանք Ցեղասպանության վերապրողներ են։ Զանգվածային նման գերեզմանոցները Ցեղասպանության խորհրդանիշ են, դրանք տեղաշարժելով` մենք նպաստում ենք Ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Ավագյանը։

Մասնագիտությամբ քաղաքաշինական ճարտարապետ (ուրբանիստ) Վարդան Ավագյանն ասում է, որ ինքը նպատակ չուներ հարցի շուրջ աղմուկ բարձրացնել, բայց երբ կաթողիկոսությանը և այլ կառույցների ուղղված իր նամակներն անպատասխան են մնացել, և ինքը տեսել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում դամբարանները տեղաշարժելու ուղղությամբ (ինչպես ասաց, որպես առաջին քայլ` անցյալ շաբաթ արդեն հանվել է գերեզմանոցներից մեկի շիրմաքարը), ինքը դիմել է դատարան։ Մեր զրուցակիցը չգիտի, թե ինչ ընթացք կստանա դատական գործընթացը, մեծ հույսեր չունի, որ համայնքային օրենքներով գործող երկրում, ինչպիսին Լիբանանն է, դատարանն այս որոշումն անօրինական կհամարի, սակայն, ինչպես նշեց, հույս ունի, որ բարձրացված աղմուկը և պատմական փաստերը հաշվի առնելով` գերեզման քանդելու որոշում ընդունողներն իրենք կհրաժարվեն այս ծրագրից` այն համարելով իսկապես սխալ ու անօրինական։

Ըստ Վարդան Ավագյանի` հարցին միջամտել է նաև Լիբանանի Հնագիտական կենտրոնը, որը նույնպես արգելել է նման վայրում շինարարություն իրականացնել` հիշեցնելով, որ պատմական այդ վայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված է բուֆերային գոտի։ Լիբանանի հնագիտական կենտրոնը մտահոգություն է հայտնել, որ հարցը զուտ հայկական չէ, այն վերաբերում է թե՛ Լիբանանի, թե՛ առհասարակ Միջին Արևելքի պատմությանը։ Լողափային գոտի ստեղծելու շինարարության համար վարձակալված 30 հազար քմ տարածքի 4 հազարը հնագիտական արժեք է ներկայանում. հայկական գերեզմանոցը և «Թռչնոց բույնին» պատկանող ծովեզրյա շրջանն այդ 4 հազարի մեջ է։
Բողոքող սփյուռքահայերը զարմանք են հայտնում, որ սփյուռքյան կառույցները, որոնք անդադար մեղադրում են թուրքերին և օտարներին` հայկական գերեզմաններն ու հուշարձանները քանդելու մեջ, այսօր իրենք են նման ծրագրի մաս կազմում։
Վարդան Ավագյանը համացանցում վարում է protecbirdsnestbyblos.wordpress.com, էջը, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում «Թռչնոց բույնի» գերեզմանոցների պահպանման համար արդեն 800-ից ավելի ստորագրություն է հավաքվել։

Ժամանակավորապես դադարեցնել` հանգիստ քննարկելու համար
Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «Թռնչոց բույնի» խնամակալությունը երեկ հայտարարություն տարածեց, որ բարձրացված աղմուկը հաշվի առնելով` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանձնարարել է հետաձգել գերեզմանների փոխադրության ծրագիրը, որպեսզի, ինչպես ասվում է հայտարարության մեջ, «մենք հնարավորություն ունենանք ավելի լայն բացատրություն տալու մեր ժողովրդին, ավելի հանդարտ մթնոլորտ ստեղծելու, որպեսզի հարցն ավելի լայն շրջագծի մեջ քննարկվի»։
Հայտարարությունից պարզ է դառնում, որ կաթողիկոսությունը ոչ թե ընդհանրապես փոխադրության հարցը չեղարկելու որոշում է ընդունել, այլ ժամանակավորապես դադարեցնելու։ Վարդան Ավագյանն ասում է, որ, եթե որոշումը գործադրվի, և գերեզմանները, այնուամենայնիվ, փոխադրվեն, ապա իր ընտանիքը շարունակելու է պայքարը և նույնիսկ պատրաստ է իր նախնական վայր վերադարձնել որբերի գերեզմանները։ «Դրանք պիտի մնան իրենց նախնական տեղում։ Նույնիսկ, իբրև մասնագետ, ես կասեի` պետք չէ նորոգել դրանք, էլ չեմ ասում` նորակառույցի բակ փոխադրելու մասին։ Այդ գերեզմանների խորհրդավորությունը ծովափնյա հեռավոր հնավայրի մեջ է, ուր նրանք նախապես հանգչել են։ Մարդը եկել է հողից և այդպես էլ հող դառնալով` պիտի ձուլվի բնությանը»,- ասում է Վարդան Ավագյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս