Բարաք Օբամայի վարձակալած տունը վաճառվում է 22.5 մլն դոլարով
Առանձնատունը, որը գտնվում է ամերիկյան Մարտաս-Վինյարդ կղզու վրա, ծառայել է որպես բնակարան ԱՄՆ նախագահի և իր ընտանիքի համար 2013թ. ամռանը:
Ըստ The Wall Street Journal-ի տեղեկության, այս մասին հաղորդում է այդ օբյեկտի վաճառքով զբաղվող Wallace & Co. Sotheby’s International Realty ընկերության ներկայացուցիչ Թոմ Վելլասը:
Տունը տեղակայված է Մարտաս-Վինյար կղզու Չիլմարկ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի հարավ-արևելյան մասում` Կեյպ-Կոդ հրվանդանից 6 կմ հեռավորության վրա:
Առանձնատունը, որից բացվում է տեսարան դեպի օվկիանոսը, կարող է հպարտանալ իր ընդհանուր` 650 քառակուսի մետր մակերեսով, 4 ննջասենյակներով, մարզասրահով և առաստաղից մինչև հատակը հասնող պատուհաններով: Առանձնատանը կա նաև լողավազան, տնակ` հյուրերի համար, բաց խոհանոց և բասկետբոլի համար նախատեսված հրապարակ:
Օբամայի ընտանիքն արդեն մի քանի տարի իր արձակուրդն անցկացնում է Մարտաս-Վինյարդ կղզում: 2013-ից, երբ նախագահը վարձակալել էր առանձնատունը, օբյեկտն այլևս ոչ մեկին չի հանձնվել: Թոմ Վելլասը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի այս ամառվա պլանները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը